«Նախկինները մեծաքանակ զենք էին գնում, քիչ խոսում, ներկաները քիչ զենք են գնում, շատ խոսում՝ իմանալով՝ պատերազմ լինելու է». Հրանտ Միքայելյան

Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահի՝ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը մասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի Մեղրիի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ այսուհետ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Նշենք, որ ռուսները Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայություն իրականացնում են Հայաստանի անկախությունից ի վեր։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով երկու երկրների ղեկավարների կողմից կայացված այս որոշման մասին, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն առաջարկեց այս որոշումը դիտարկել Հայաստանի ունեցած ռեսուրսների և անվտանգային մարտահրավերների համատեքստում, հակառակ դեպքում՝ միայն այս կոնտեքստից կտրվելու պարագայում կարող են ասել, որ շատ լավ որոշում է կայացվել՝ միտված Հայաստանի ինքնիշխանության բարձրացմանը, մինչդեռ գետնի վրա առկա են խնդիրներ։

«Մյուս կողմից՝ թե Հայաստանի և Իրանի, թե Իրանի և Ռուսաստանի միջև այս հարցերը քննարկվել են, և որևէ կողմից դժգոհություն չկա այս որոշման վերաբերյալ, ինչը նշանակում է, որ այս որոշմանը դեմ չէ նաև Իրանը»,- ասաց Հրանտ Միքայելյանը։

Կարդացեք նաև

Թե ի՞նչ կապ ունի այս որոշումը Սյունիքով միջանցքը բացել-չբացելու հետ, քաղաքագետը տեսականորեն այս որոշման և Սյունիքում էսկալացիայի միջև կապ է տեսնում։

«Եթե իշխանություններն են արդեն արձանագրում, որ կա պատերազմի վտանգ, ուրեմն դրա մասին արդեն գիտեն Ռուսաստանում, որտեղ որոշել են այդ պատասխանատվությունը միայանակ չկրել և այն կիսել Փաշինյանի հետ։ Լավ, այս պարագայում հարց է առաջանում. եթե պատերազմ է լինելու, այդ դեպքում ո՞րն է Փաշինյանի մոտիվացիան, որն անգամ չի էլ խոսում պատերազմի մասին, մինչդեռ դա անում են իր թիմակիցները»,- ասաց Միքայելյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՔՊ-ական պատգամավոր Մարինա Կարապետյանի կողմից նոյեմբերին հնարավոր պատերազմի մասին բարձրաձայնումներն առավել վտանգավոր են դառնում այն պարագայում, երբ այս նույն մարդիկ հպարտությամբ ասում էին, թե Կիրանցում իրենց իրականացրած քայլերով ստացել են անվտանգություն։

«24 ռազմական դիրք հանձնեցին թշնամուն, պլացդարմ հանձնեցին թշնամուն, ռազմական գիծը ճեղքեցին, որ թշնամին հարձակվի, և դա համարեցին հաղթանակ, ու հիմա խոսում են պատերազմի մասին այն դեպքում, երբ իրենց գործողությունները փաստում են՝ Հայաստանի բանակը չի ուժեղանում։

Անկախ նրանից, թե որքան են խոսում դրա մասին, որքան շատ է փիառը, իրականությունն այլ է։

Կա մի մեծ տարբերություն։ Նախկին իշխանությունը մեծաքանակ զենք էր գնում, քիչ խոսում, իսկ ներկաները շատ քիչ զենք են գնում, բայց շատ են խոսում։ Օրինակ՝ Ֆրանսիայից գնում են շատ քիչ զենք, բայց շատ թանկ գնով, կամ՝ Հնդկաստանից գնում են չփորձարկված զենք։ Սա ռազմական բալանսը չի կարող փոխել։ Սրանից բացի, կա մասնագետների խնդիր։ Հարց է առաջանում՝ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում Վրաստանով հնդկական զենքը թողնելո՞ւ են, որ հասնի Հայաստան»,- իր մտահոգությունները ներկայացրեց քաղաքագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031