Բաժիններ՝

Վրաստանի ՍԴ-ն մերժել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի գործողությունը դադարեցնելու նախագահի միջնորդությունը

Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու միջնորդությունը օտարերկրյա գործակալների մասին օրենքի գործողության դադարեցման վերաբերյալ դատարանում հայցի քննարկման ընթացքում։ Այս մասին նշվել է դատարանի կայքում տեղադրված որոշման մեջ։

«Չբավարարել հայցատուի միջնորդությունը (օտարերկրյա գործակալների մասին օրենքի) վիճարկվող նորմերի գործողությունը դադարեցնելու մասին՝ մինչեւ դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը»,- նշված է որոշման տեքստում։

Որոշման մեջ նաեւ նշված է, որ երկու դատավորներ՝ Գեորգի Կվերենչխիլիձեն եւ Թեյմուրազ Տուգուշին, համաձայն չեն եղել այս որոշմանը։ Բացի այդ, դատարանը վարույթ է վերցրել նշված գործն ըստ էության։

Վրաստանի Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին սկսել է չորս հայցերի նախաքննությունը օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ՝ միավորված մեկ վարույթում։ Օգոստոսի 29-ի, 30-ի եւ 31-ի նիստերում դատարանը լսել է կողմերի դիրքորոշումները։ Նախագահի ներկայացուցիչները, ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նաեւ ՀԿ եւ ԶԼՄ ներկայացուցիչները ներկայացրել են փաստարկներ հօգուտ այն բանի, որ օրենքը հակասում է սահմանադրության 78-րդ հոդվածին, որի համաձայն՝ իշխանության մարմինները պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման համար։ Նրանք նաեւ պնդել են, որ դադարեցվի օրենքի գործողությունը մինչեւ դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը, ինչը կարող է երկար տեւել, իսկ տարեվերջին սպասվում է ԵՄ որոշումը Վրաստանի հետ միությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցով։

Որպես պատասխանող հանդես են եկել խորհրդարանի իրավաբանական կոմիտեի աշխատակիցները, կոմիտեն առաջատարն էր օրինագծի դիտարկման ժամանակ։ Դատարանը նաեւ լսել է Վրաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչներին եւ լեզվաբան Մանանա Բերիձեին, որը հրավիրվել էր օրենքի ամենավիճելի մասերից մեկի պարզաբանման համար՝ «կազմակերպություն, որն իրականացնում է օտարերկրյա ուժի շահերը» տերմինի։ Այս սահմանումը փոխարինել է «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինին, բայց, Բերիձեի խոսքով, դեռ կրում է բացասական լիցք։ Կողմերը նաեւ հնարավորություն են ունեցել հարցեր տալու միմյանց, ինչը քանիցս հանգեցրել է վեճերի դատարանի դահլիճում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս