«Այսպես գնա՝ Նիկոլը «Զանգեզուրի միջանցքը» չէ, «Արարատի միջանցք» էլ կտա Ալիևին. Նորմալ ղեկավարը երկիրն այսպես չէր բզկտի». Շահե Աճեմյան
Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի բնորոշմամբ՝ երբ Ալիևը խոսում է ագրեսորի լեզվով՝ Հայաստանին սպառնալով պատերազմով, իսկ դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց բացի, այլ նախադասություն չի արտաբերում, ողբերգություն է՝ առաջին հերթին հայ ազգի, Հայաստանի համար։
Ըստ ազատամարտիկի՝ նորմալ ղեկավարը երբեք թույլ չէր տա թշնամի պետության ղեկավարին այդպես խոսել իր երկրի հետ, ինչպես թույլ չեն տվել 30 տարուց ավելի։
«Ինձ և ինձ նման մարդկանց համար սա ողբերգություն է։ 2018 թվականից ասել եմ, որ այս մարդը գալիս է թուրք-ադրբեջանական տանդեմի ու Արևմուտքի հովանավորությամբ, ու այս մի բուռ հայկական հողը դարձնելու են փոքր մարզ՝ ենթակա Ադրբեջանին։ Միայն կույրը կարող է այս ամենը չնկատել, աստիճանաբար Հայաստան պետությունը ջնջելու են քարտեզի վրայից՝ սկզբում Արցախը հանձնեցին, հետո Հայաստանն են հանձնելու մաս-մաս»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Շահե Աճեմյանը՝ խոսելով Ալիևի ռազմատենչ հայտարարությունների և ՀՀ իշխանությունների խաղաղության կոչերի մասին։
Նա վստահ է՝ Հայաստանի ղեկավարն իր խաղաղության կոչերով երկիրը տանում է կործանման՝ մինչդեռ դրա փոխարեն պետք է հստակ ժողովրդին ասեր՝ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում և գնում է պատերազմի։
«Զարմանալի է՝ միայն Հայաստանո՞ւմ չեն նկատում, թե ովքեր են այս իշխանությունները, սրանք թուրք-ադրբեջանական գործակալներ են, դրսում այս ամենն այնքան ակնհայտ ու տեսանելի է։ 2018 թվականից սրանք Հայաստանը բզկտել են, մասնատել։ Ձեզ թվում է, մեր երկրում ԱԱԾ-ն իր տեղո՞ւմ է, հանուն երկրի՞ է աշխատում, որ այդպես լիներ՝ 2018 թվականին բոլորը չէին գնա Սերժ Սարգսյանին ասեին՝ հեռացիր, ժողովուրդը քո դեմ է։ Փոխարենը՝ պետք է ասեին, որ ոչ թե ժողովուրդն է նրա դեմ, այլ Թուրքիան ու Ադրբեջանը, ովքեր Նիկոլին բերեցին իշխանության»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարություններով հանձնեց Արցախը, հիմա էլ «խաղաղությունն այլընտրանք չունի, պիտի խաղաղության պատրաստվենք» ասելով՝ Հայաստանն է «վարի» տալիս։
«Այս մարդը գիշեր-ցերեկ ասում է՝ խաղաղություն, խաղաղության պայմանագիր, այլ բառ չգիտի։ Ներողություն բառիս համար, բայց այդ պայմանագիրը սուտի բան է լինելու, և վաղը-մյուս օրն Ադրբեջանն ասելու է՝ ի՞նչ պայմանագիր, ի՞նչ խաղաղություն, մենք պատերազմում ենք։ Այս ամենն Ադրբեջանի համար «կանաչ լույս» է՝ հարձակվելու Հայաստանի վրա, չնայած Ադրբեջանի հարձակումից հետո Նիկոլը կրկին կասի՝ ես ի՞նչ մեղք ունեմ, Ալիևը հարձակվեց, եկեք այս տարածքը տանք, որ մյուս տարածները մեզ մնան, այսպես գնա՝ «Զանգեզուրի միջանցքը» չէ, «Արարատի միջանցք» էլ կտա Ալիևին»,- շեշտեց նա։
Միաժամանակ նա ընդգծեց՝ այսօր շատ են խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին, սակայն պակաս կարևոր չեն Արարատը, Վայոց ձորը, Գեղարքունիքը և հայկական մյուս տարածքները, որոնք Նիկոլ Փաշինյանը դրել է խաղասեղանին ու մեկը մյուսի հետևից տանուլ է տալիս։
«Սա մեր հողն է, բոլոր տարածքներն էլ հավասարաչափ կարևոր են, մեկը՝ տնտեսապես, մեկը՝ ռազմական առումով, սա մեր սրբություն է, բոլորինս է։ Նորմալ ղեկավարն իր երկիրն այսպես չէր բզկտի։ Ուզում եմ՝ մեր ժողովուրդն ամեն օր սրա մասին մտածի, ամեն օր, վերջում գուցե գա ընդհանուր եզրակացության ու արթնանա, հակառակ դեպքում՝ մի օր արթանալու է ու տեսնի՝ կորցրել է ամեն բան»,- եզրափակեց Շահե Աճեմյանը։