Ռուսաստանից կախված ՀՀ տնտեսությունը ռիսկի տակ է. պատճառը ՌԴ-ից եկող գործոնների չեզոքացումն է
Հայաստանի Կառավարությունն ընդունել և Ազգային ժողով է ուղարկել 2025 թվականի բյուջեի նախագիծը. բյուջե, որը ոչ միայն ունի 609 միլիարդ դրամ պակասուրդ, այլև պարունակում է մի շարք խիստ վտանգավոր ռիսկեր՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի կորը դեպի ներքև թեքելու ուղղությամբ։
Մասնավորապես, ըստ ֆինանսների նախարարության, 2025 թվականին տնտեսության աճի կորը կարող է թեքվել դեպի ներքև՝
– Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած դրական գործոնների (ՌԴ-ից զբոսաշրջային հոսքերի, դրամական փոխանցումների, ՏՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների դեպի ՀՀ տեղափոխման) չեզոքացմամբ և հոսքերի հետշրջմամբ,
– ՌԴ-ում ՀՀ ապրանքների արտահանման՝ վերջին տարիների վերափոխումների արդյունքում ընդլայնված շուկայի նեղացմամբ,
– ՀՀ ապրանքների արտահանման մատակարարումների լոգիստիկ խնդիրների խորացմամբ,
– Աշխարհաքաղաքական իրավիճակով, այդ թվում` տարածաշրջանային ռազմական հակամարտությունների առկայությամբ,
– Տարածաշրջանային հակամարտությունների (մերձավորարևելյան և ռուս-ուկրաինական հակամարտություններ) արդյունքում պարենային և ոչ պարենային ապրանքների գների աճով,
– ՀՀ-ից կապիտալի զուտ արտահոսքի և մասնավոր հատվածի և կառավարության արտաքին պարտքով պակասուրդների ֆինանսավորման թանկացմամբ։
Վերը շարադրվածներն արտաքին այն գործոններն են, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի տնտեսության վրա, բայց այս գործոններին ավելանում են նաև ներքին ռիսկերը, որոնցից ֆինանսների նախարարությունն առանձնացրել է հետևյալները՝
– Պետական կապիտալ ծախսերի հնարավոր թերակատարում,
– Սոթքի հանքավայրի ստորգետնյա եղանակով շահագործման անհնարինություն,
– Ամուլսարի շահագործման հնարավոր հետաձգում, կամ սպասվածից ավելի քիչ հանքարդյունահանում,
– ՀՀ կառավարության կառուցվածքային բարեփոխումների և արտահանման ու ներդրումների խթանման քաղաքականության ակնկալվող արդյունքների սպասվածից ավելի ուշ արտահայտում։