Ալիևի նախընտրական նվերը Նիկոլ Փաշինյանին

«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է դատապարտի ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին։ Սա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Առանց անուններ տալու Ալիևն ասել է նաև, թե այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ», սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հերոսացվել է։

Ալիևը կոչ է արել Հայաստանին հրաժարվել իր ապակառուցողական դիրքերից և կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։

Այսպիսով, մինչ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան ու օտարերկրյա բոլոր ամբիոններից պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները և կատարում է ամենախայտառակ ձևով (վերջին օրինակը՝ Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է), Ալիևը ներկայացնում է նոր, հերթական պահանջը՝ դատապարտել արցախյան երեք պատերազմների բոլոր մասնակիցներին, բայց առաջին հերթին՝ հրամանատարներին, ինչի մասին է վկայում «հերոսացման» մասին նրա հիշատակումը։

Կարդացեք նաև

Ալիևի այս պահանջի ներքո գործնականում կարող են ընդգրկվել անցած երեսուն տարիների Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ սկսած հրամանատարներից, մինչև հետագայում Արցախի, Հայաստանի ղեկավարների պաշտոնները զբաղեցրած անձինք։ Եթե ավելի պարզ, Ալիևը Նիկոլ Փաշինյանից պահանջում է դատապարտել նախկինում իր հոր ու իր բոլոր արտաքին թշնամիներին՝ Լևոն-Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և տասնյակ-հարյուրավոր զինվորականներ, որոնք հաղթանակել են, և որոնց մեծ մասն այսօր նույն Փաշինյանի քաղաքական հակառակորդներն են,  և որոնցից ներքին թշնամու կերպարի կերտմամբ նա եկել է իշխանության ու պահպանում է իշխանությունը։

Առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ անգամ մտածելը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որևէ ձևակերպմամբ բավարարել նաև Ալիևի այս պահանջը։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Փաշինյանի համար Ալիևի հատկապես այս պահանջի բավարարումը կարող է երանելի թվալ, քանի որ դրանով նա կկատարի Ադրբեջանի հերթական ուլտիմատումը, մյուս կողմից՝ հնարավորություն կստանա ձերբազատվել իր բոլոր քաղաքական հակառակորդներից ու նրանցից, ովքեր անգամ ներկայիս պասիվության դեպքում ցանկացած պահի կարող են համալրել իշխանության դեմ ընդվզողների շարքերը։

Եվ, ամենագլխավորը՝ Նիկոլ Փաշինյանն  ամեն ինչից առավել կարևորում է Ադրբեջանի հետ «վստահության ամրապնդումը», ինչի համար Ալիևը ներկայացնում է հերթական պահանջը։ Հենց այդ «վեհ նպատակով»  Նիկոլ Փաշինյանը կարող է կամ Հայաստանում դատական գործեր հարուցել ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, կամ՝ ինչ-ինչ պայմաններում նրանց արտահանձնել Ադրբեջանին։

Կրկին դիվային թվացող այս սցենարն իրականում բացառելի չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ունի նաև դրա «գաղափարական հիմնավորումը»։ Նա և նրա իշխանության ներկայացուցիչները շարունակ հայտարարում են, որ Արցախի հանձնումով վերականգնել են Հայաստանի իրական անկախությունը, որ Արցախի հարցը Հայաստանի «վզին գցած պավադոկ էր»։ Այս տրամաբանությամբ, բոլոր նրանք, ովքեր երեք տասնամյակ շարունակ պայքարել են Արցախի համար (ըստ Փաշինյանի տրամաբանության՝ Հայաստանի անկախության դեմ), ենթակա են դատապարտման։ Այն, ինչ պահանջում է Ալիևը՝ այլ ձևակերպումներով։

Առջևում Հայաստանում սպասվում են հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում իշխանությունը պահպանելու շանս Նիկոլ Փաշինյանը չունի առանց մեծագույն ավանտյուրայի։ Ալիևի պահանջը նա կարող է օգտագործել բոլոր ժամանակների «նախկինների դեմ» մեծ դատավարություն սկսելու համար՝ սեփական իշխանության վերարտադրությունից հետո վարձահատույց լինելով Ալիևին նախընտրական աջակցության համար։

Հարություն Ավետիսյան

 

Տեսանյութեր

Լրահոս