ԱԱԾ-ի ու Ոստիկանության հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում էր այս իշխանությանը. Բագրատ սրբազան
«Ոչ միայն վճռական փուլի, այլև հաղթանակի և հույսի փուլի մասին ենք հայտարարել: Մեր պայքարը տևական շարունակություն ունի, և որևէ ժամանակի և մարդու հետ կապված չէ: Քանի դեռ գոյություն ունի այս չարիք իշխանությունը, այս պայքարը անընդհատ շարունակվելու է: Ինչքա՞ն կտևի դա, կապ ունի, թե որքան արդյունավետ կգործենք մենք և ինչ կերպով կհասնենք մեր ծրագրին»,- հանրահավաքից առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը՝ նա նշեց, որ այն ամբողջությամբ վերաբերում է այսօրվա իշխանություններին՝ հակասահմանադրական, հակապետական գործունեությանը:
«Վերջապես, ԱԱԾ-ն կարողացավ ուժ գտնել իր մեջ և այդ հայտարարությունը կատարել, և վստահաբար, նաև հետագա գործողություններն էլ դրան միտված կլինեն: Մինչև հիմա ԱԱԾ-ն այլևս պետք է ձերբակալած լիներ այս մարդկանց»,- ասաց Սրբազանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչեր հնչեցնելուց կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց։
Բագրատ Սրբազանը նշեց, որ երեկ գիշերվանից սկսած «իրավապահ կոչվածները» տարբեր հալածանքների և ռեպրեսիաների են ենթարկում շարժման մասնակիցներին. «Իրենք մտահոգվելու մեկ բան ունեն՝ ձերբակալել հակապետական իշխանություններին, որոնք գտնվում են այսօր կառավարական շենքերում»:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն Ալիևի և Էրդողանի դեսպաններն են. «Չտեսա՞ք՝ ինչպես, այսպես ասած, գալարվող հարսի պես կանգնած էր Էրդողանի առջև, ինչ քնքուշ ժպիտով, շողոքորթող, ինչ նվիրումով գիրքը գրկած: Նույնն էլ՝ Ալիևին»: