Գազայում հայտնել են իսրայելական հարվածներից 51 զոհի մասին
Իսրայելի ավիահարվածների և ցամաքային գործողության հետևանքով Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքում առնվազն 51 մարդ է զոհվել, 82 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Գազայի առողջապահական իշխանություններին։
Ըստ հաղորդումների՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան տանկերն առաջ են գնացել քաղաքի մի քանի հատվածներում և դրա շրջակայքում։ Բնակիչները հայտնում են գնդակոծությունների և հրաձգությունների մասին։
Վիրավորներից մեկը, որին հոսպիտալացրել են, BBC-ին հայտնել է, որ տանկերը ներխուժել են իր գյուղ՝ առանց նախազգուշացման։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերը Գազայի կենտրոնում և հյուսիսում հարվածել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման թիրախների, որոնք գտնվել են տեղահանվածների ապաստարան հանդիսացող երեք դպրոցներում։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 600-ը։