
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրենին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին:
Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ողջունել ու կարևորել է Պատրիկ Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ անվտանգային համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումները:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր: