2020-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» 2023 թ.-ի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական ոլորտում Լեռնային Ղարաբաղից 2023 թ.-ին բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում ներգրավվել են նաև 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված շահառուները:
Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023 թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020 թ.-ի սեպտեմբերից հետո Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանցից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր՝ առաջարկելով իրենց ևս դիտարկել ծրագրի շահառու՝ հաշվի առնելով, որ նույն պատճառով իրենք հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ 2023 թ.-ին տեղահանված անձինք:
Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ 2020 թ.-ին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից: Նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում այն հիմնավորմամբ, որ 2024 թ.-ի բյուջեում նախատեսված է 309 միլիոն դրամ 500 ուսուցչի համար, 2025 թ.-ին՝ 202 միլիոն 766 հազար դրամ՝ 434 ուսուցչի համար: 2024 թ.-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ այս ծրագրի շահառու է հանդիսանում 404 ուսուցիչ, ուստի նոր շահառուների ավելացմամբ այլ մասնագետների ևս հնարավորություն կընձեռվի նախատեսված ծախսերի շրջանակում համալրելու մարզերի ուսումնական հաստատություններում առկա ուսուցչի թափուր տեղերը՝ նախատեսված ֆինանսավորման ծավալները չգերազանցելով»: