Բաժիններ՝

Կին և տղամարդ հարաբերություններին հնարավոր չէ միջամտել հատուկ լուծումներով, դրանք հավերժական են. «Հոբելյանական հաճախորդը»՝ նոր ռեժիսուրայով

Օրերս Երևանի պետական կամերային թատրոնի բեմում պրեմիերա էր. Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ»-ը երկար տարիների դադարից հետո կրկին ներկայացվեց հանդիսատեսին, այս անգամ՝ երիտասարդ ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանի մատուցմամբ։

Կնոջ և տղամարդու բարդ հարաբերությունների, սիրո, հոգատարության, երբեմն էլ չհասկացվածության մասին ներկայացումը, ինչպես ռեժիսորն է նշում՝ միշտ արդիական է։

Ժորա Մարտիրոսյանը նշեց, որ սկզբում հակված է եղել բեմադրել այլ գործ, սակայն Արա Երնջակյանն առաջարկել է բեմադրել հենց «Հոբելյանական հաճախորդը», ինչին անմիջապես համաձայնել է ու սկսել է աշխատել։

Կնոջ և տղամարդու դերերն այս պիեսում լավագույնս մարմնավորել են թատրոնի դերասաններ Զիրոյանը և Սոնա Մաթևոսյանը։

Կարդացեք նաև

«Արա Երնջակյանից հենց այս պիեսը վերաբեմադրելու առաջարկ ստանալը շատ հաճելի էր, միաժամանակ՝ պարտավորեցնող։ Ֆանտաստիկ արտիստներ են խաղացել ներկայացման մեջ, որը մեծ հաջողություն է ունեցել։ Պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմում  խաղացել են Լուիզա Ներսիսյանն ու Դավիթ Քացարավան։ Իսկապես պատասխանատվության զգացումը բարձր էր, քանի որ շատերն են դիտել և՛ ներկայացումը, և՛ ֆիլմը»,- 168.am հետ զրույցում նշեց Ժորա Մարտիրոսյանը։

Նրա բնորոշմամբ՝ առհասարակ դրամատուրգիան իր ձևն ունի, տեսարանների հերթականություն, հոգեվիճակների փոփոխություն, դրամա, հումոր։ Ուստի ներկայացման մեջ այդ ամենից խուսափել հնարավոր չէր՝ ամեն ինչ ներդաշնակ է։

««Հոբելյանական հաճախորդ»-ն իմ առաջին ներկայացումը չէ։ Նախորդ տարի բեմադրել եմ «B1427» ներկայացումը՝ թատրոնում առաջին նման ժանրի ներկայացումն է։

Հանդիսատեսն արդեն կարող է ճանաչել իմ ձեռագիրը։ Այս ներկայացման մեջ էլ օգտագործել եմ նույն երաժշտական, լուսային լուծումները, սակայն այս պարագայում առաջնային են կին և տղամարդ հարաբերությունները, որոնց հնարավոր չէ միջամտել հատուկ լուծումներով։ Այդ հարաբերությունները հավերժական են, և տղամարդը երբեք չի կարող լիարժեք հասկանալ կնոջը»,- ընդգծեց Ժորա Մարտիրոսյանը։

Ներկայացման գլխավոր հերոսի դերակատարի՝ Զիրոյանի բնորոշմամբ, ներկայացումը գեղեցիկ ու ինքնատիպ է, շատերը կարող են այն հավանել։

Թե ինչո՞ւ է պետք  դիտել այդ ներկայացումը՝ հարցին Զիրոյանն ունի հստակ պատասխան.

«Ցանկացած կին և ցանկացած տղամարդ ինչ-որ բան կգտնեն ներկայացման մեջ, գուցե փշաքաղվեն ու լավ մտքերով տուն գնան, գուցե փորձեն ավելի լավ ապրել, վայելել ամեն վայրկյանը։

Կանանց և տղամարդկանց մտածելակերպերը շատ տարբեր են։ Տղամարդիկ փորձում են անել ամեն բան, որպեսզի չնեղացնեն իրենց առջև կանգնած կնոջը, աղջկան։ Շատ նուրբ պահեր կան ներկայացման մեջ, որոնք տղամարդ հանդիսատեսը կզգա, կհասկանա։ Կերպարներն անուններ չունեն, ուղղակի կին ու տղամարդ են, և կարևոր չէ, թե որ ժամանակներն են։ Նրանց միջև նկարագրված կոնֆլիկտները միշտ են լինելու, պարզապես պետք է վայելել բոլոր պահերը։

Փորձել ենք անել հնարավորը, որ բաց տեղ չմնա և ոչ ոք չասի՝ նախորդ ներկայացումն ավելի լավն էր։ Հուսանք՝ հանդիսատեսը կասի, որ նախորդն էլ, ֆիլմն էլ և այս ներկայացումն էլ է լավը»,- ընդգծեց դերասանը։

Ներկայացման պրեմիերան, կարելի է ասել՝ կայացավ հանդիսատեսի հետ ինտերակտիվ մթնոլորտում, քանի որ բեմում գտնվող երկու երիտասարդ դերասանների զգացմունքային երկխոսությանը երբեմն արձագանքում էր հանդիսատեսը՝ ուրախանալով, որ երիտասարդ տղան պետք է մնա կնոջ մոտ, ում նկատմամբ սեր էր տածում, և ցավալով, որ տղան ստիպված է հեռանալ՝ հանգամանքներն են ստիպում։

Տեսանյութեր

Լրահոս