
Թուրքիան ԲՐԻԿՍ-ը դիտարկում է որպես տնտեսական այլընտրանքային հարթակ. արտգործնախարար

Թուրքիան ԲՐԻԿՍ-ը դիտարկում է որպես այլընտրանքային տնտեսական հարթակ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, թուրքական Anadolu պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին լիարժեք անդամակցելու համար, այն քննարկվելու է։
Նրա խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվող ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
«ԲՐԻԿՍ-ը մենք դիտարկում ենք որպես այլընտրանքային տնտեսական հարթակ։ Եթե ԵՄ–ի հետ մեր տնտեսական ինտեգրումը հաջող լիներ, մենք, հավանաբար, մի շարք հարցերով նման լարված փնտրտուքների մեջ չէինք գտնվի»,- ասել է Ֆիդանը։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանն է ստանձնել կազմակերպության նախագահությունը։ 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ–ին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանը նախագահությունն անցնում է արդար գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիությունն ամրապնդելու կարգախոսի ներքո։ ՌԴ-ն իր նախագահության շրջանակում ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառում է կազմակերպում։