«Բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք». Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը, դիմելով Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, արձագանքել է թուրք լեյտենանտների նկատմամբ սկսված հետաքննությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Էրդողա՛ն, արդեն եղավ մի շաբաթ, ինչ լեյտենանտները հանել են իրենց թրերը: Դու 8 օր լռեցիր, հետո արթնացար ու արձագանքեցիր: Իմամ հաթիփցիներից (հոգևորականների միջնակարգ դպրոցի սաներ) ոգևորվեցիր և ծափեր ստացար: Ինչո՞ւ արեցիր: Ցույց տվեցիր, որ Իմամ հաթիփցիների հետ միասին դեմ ես լեյտենանտներին»,-ասել է Օզելը:
Նա նաև հայտարարել է, որ լեյտենենատների նկատմամբ հետաքննություն սկսելու կարիք չկա:
«Օմեր Չելիքը (ԱԶԿ խոսնակ) ասում է. «Թե՛ կուրսանտները, թե՛ իմամ հաթիփցիները մեր ազգի արժեքն են»: Դա իմ խոսքն է, պարոն Օմեր, դու դա Էրդողանին կասես:
Տե՛ս պարոն Թայիփ: Այստեղ բոլոր կուսակցություններից մարդիկ կան: Եթե այս երկրում բոլոր լեյտենանտներն ասեն դա՝ դու հանգիստ քնի՛ր, Թուրքիայի թշնամիները թող վախենան:
Այս բանակում եթե նույնիսկ մի լեյտենանտ այդպիսի խոսքեր չասի՝ այդ ժամանակ նոր պետք է նստես ու մտածես:
Մենք բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ռազմական ակադեմիայի ավարտական միջոցառման ընթացքում մի քանի լեյտենանտ, զինվորական երդման արարողության ժամանակ, բղավել էր՝ «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Տեղի ունեցածը թուրք հանրության կողմից մեծ քննարկման ալիք էր բարձրացրել: Քննարկումներում արարքի բացատրությունը գտնելու փորձերն ամփոփվում էին հետևյալ արտահայտություններով.
«Ռազմական հեղաշրջման սպառնալի՞ք, թե՞ հոգեբանական պատերազմ», «Լեյտենանտների սուր երդումը, որը դարձել է «արգելված», ոչ սովորական դիմադրություն է…»: