ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը լսումներ անցկացրեց Հայաստանի վերաբերյալ

Ամերիկացի կոնգրեսականներն ու սենատորները Հայաստանին վերաբերող Հենսինկյան հանձնաժողովի լսումներին ողջունել են Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք: Այս լսումներին նախորդել էր Հելսինկյան հանձնաժողովի անդամ օրենսդիրների ճանաչողական այցը Հայաստան այս տարվա հուլիսին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Սենատոր Վիքերը, կոնգրեսական Ուիլսոնը, ես և այցի մասնակից մյուս օրենսդիրները տպավորված էինք, թե ինչպես է Հայաստանը փոխվել համեմատաբար կարճ ժամանակահատվածում և ինչպես են նրանք պայքարում իրենց տարածաշրջանի մարտահրավերների դեմ»,- ասում է Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, ինչպես նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համանախագահ Բեն Քարդինը:

«Հայաստանում առկա է ուժեղ և աճող հասարակական կոնսենսուս և ցանկություն թեքվել դեպի արևմուտք, ամբողջապես ընդունել ժողովրդավարական արժեքները, ազատ աշխարհի հետ համահունչ կառուցել ապագա»,- պնդում է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի մյուս համանախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը, ով նաև հանդիսանում է ԱՄՆ Կոնգրեսում թուրքական հանձնախմբի համանախագահը:

Սենատոր Քարդինը նկատում է՝ այս ճանապարհին, սակայն, Հայաստանն առերեսվում է բազմաթիվ մարտահրավերներին. Ադրբեջանից եկող սպառնալիքը, Ռուսաստանի նման անհուսալի երկրի հետ դաշնակցային հարաբերությունները, Թուրքիայի հետ փակ սահմանն ու հարաբերությունների չկարգավորված բնույթը և տնտեսական բարդ իրավիճակը:

«Մենք պետք է ներգրավվենք, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել, ինքնուրույն որոշումներ կայացնել։ Դա նշանակում է Ռուսաստանին դուրս բերել Հայաստանից։ Դա նաև նշանակում է կարգավորել [Հայաստանի] հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը չափազանց կարևոր է, որպեսզի առևտրի համար բացվեն այլ ուղիներ»,- ասում է սենատոր Քարդինը՝ ընդգծելով, որ այս ճանապարհին հիմնական խոչընդոտներից է Մոսկվան, որը փորձում է խոչընդոտել տարածաշրջանային խաղաղության հաստատմանը:

Հելսինկյան հանձնաժողովի մյուս համանախագահ, կոնգրեսական Ուիլսոնը ևս կարևրում է Հայաստանի հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Դա, ըստ կոնգրեսականի, բխում է տարածաշրջանի շահերից և որին ընդդիամանում է Պուտինի վարչակարգը:

«Թուրքիան և Ադրբեջանը պետք է բովանդակալից քայլեր ձեռնարկեն Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս գործընթացին, բայց միայն սատարելը բավարար չէ։ Պահանջվում են տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքեր: Հայաստանի և, իսկապես, ողջ տարածաշրջանի ապագան կախված է նրանից, թե ինչ կլինի առաջիկա մի քանի ամիսներին և տարիներին»,- ասում է կոնգրեսական Ջո Ուիլսոնը:

ԱՄՆ Կոնգրեսում թուրքական հանձնախմբի մյուս համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենն իր հերթին քննադատության ենթարկեց Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը, հատկապես Իսրայելի հարցում՝ պնդելով՝ Անկարան այսօր բարեկամաբար չի դրսևորում իրեն ԱՄՆ-ի հանդեպ:

«Թուրքիան այսօր այնպիսին չէ, ինչպիսին էր նախկինում, երբ մենք ստանձնեցինք [ԱՄՆ Կոնգրեսում թուրքական հանձնախմբի] համանախագահությունը: Նրանք այլևս միշտ չէ, որ մեր հանդեպ բարեկամաբար են գործում։ Նրանք այնքան էլ վստահելի չեն: Նրանք հարաբերվում են նաև ռուսների, չինացիների և այլոց հետ։ Զգույշ եղի՛ր, Հայաստան, երբ գործ ունենաս Թուրքիայի հետ»,- ընդգծել է կոնգրեսականը:

Լսումների բանախոս, Քարնեգի հիմնադրամի փոխնախագահ Դեն Բայերի կարծիքով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի վերաբացումը արմատապես կփոխի տարածաշրջանը՝ նպաստելով բոլոր երկրների տնտեսական աճին, տարանցիկ առևտրային ուղիների դիվերսիֆիկացմանն ու Ռուսաստանից կախվածության նվազեցմանը: Նա կոչ արեց ԱՄՆ-ին ջանքեր գործադրել Հայաստանի ու իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու նպաստել ԵՄ և այլ գործընկերների ու Հայաստանի միջև երկարաժամկետ, համապարփակ անվտանգային և պաշտպանական գործընկերության հաստատմանը:

«Թեև դա կլինի քաղաքականապես ցավոտ, և Մոսկվան կարող է փորձել սաբոտաժի ենթարկել այն, բայց Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը օգուտ կբերի բոլոր երեք երկրներին: Եթե նախագահ Էրդողանը և վարչապետ Փաշինյանը կարողանան տեսլական և խիզախություն դրսևորել, ապա Հայաստանն ու Թուրքիան կարող են կարգավորել հարաբերությւոնները և նույնիսկ կարող են նպաստել վերջնական խաղաղության համաձայնագրին: Բացի անվտանգության դիվիդենտներից, Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր տնտեսական հարաբերությունները և նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից»,- նշել է Դեն Բայերը:

Իր հերթին, լսումների մեկ այլ բանախոս, անվտանգության հարցերով վերլուծաբան Օլեսյա Վարդանյանն ընդգծում է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատումը կարող է նվազեցնել «լայնածավալ պատերազմի ու մարդասիարական նոր աղետի» հավանականությունը տարածաշրջանում, նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորամանն ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

Վերլուծաբանն առանձնացրեց նաև նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան հարյուր հազար հայերի աջակցության խնդիրը՝ ընդգծելով՝ Հայաստանը հանձնառություն է ստանձնել օժանդակելու նրանց, սակայն առկա է վերջիններիս տներով և աշխատանքով ապահովելու լուրջ մարտահրավեր:

«Այս փախստականները կարիք ունեն բովանդակալից աշխատանքի և իրենց նոր համայնքներում լիարժեք ինտեգրման հնարավորությանը: Եվ Միացյալ Նահանգներն այստեղ դերակատարում ունի՝ տրամադրելով ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև երկարաժամկետ հեռանկարում լայնածավալ տեղահանումներն արդյունավետ կառավարելու փորձառություն»,- իր խոսքում նշել է Վարդանյանը:

Լսումների երրոդ բանախոս, Երևանում գործող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն իր հերթին շեշտում է՝ այսօր Հայաստանի՝ տնտեսկան և էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից մեծ է, և այս թեման մշտապես քննարկվում է Հայաստանի ու արևմտյան գործընկերների միջև:

«Կարևոր է գիտակցել, որ Ռուսաստանն այս պահին բավականին թույլ է, և դա Հայաստանի նման երկրներին հնարավորություն է տալիս դիմել համարձակ արտաքին քաղաքական քայլերի: Դա նշանակում է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն այս պահին այնքան էլ մեծ չէ։ Այդ իսկ պատճառով Հայաստանը կարողացել է որոշ համարձակ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ հեռացնել ռուս սահմանապահներին օդանավակայանից կամ հայ-ադրբեջանական սահմանից»,- պնդում է Գրիգորյանը:

Իր հերթին, Դեն Բայերը հիշեցնում է. նախկինում Հայաստանի բնակչության շուրջ 90 տոկոսը վստահում էր Ռուսաստանին որպես դաշնակից: Այսօր այդ թիվը իջել է մինչև 30 տոկոս։ Դրա հիմքում է Մոսկվայի վարած քաղաքականությունն իր անվտանգային դաշնակցի՝ Հայաստանի հանդեպ և Լեռնային Ղարաբաղում ձախողված խաղաղապահ առաքելությունը:

Այսպիսով, տեղի ունեցած լսումների նպատակն էր ուրվագծել ուղիներ, թե ինչպես Միացյալ Նահանգները և ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող են աջակցել Հայաստանի ժողովրդավարության զարգացման օրակարգին, ապահովել երկրի ինքնիշխանությունը, օգնել կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև նվազեցնել Հայաստանի՝ քաղաքական, անվտանգային ու տնտեսական կախվածությունը Ռուսաստանից:

Տեսանյութեր

Լրահոս