«Լավ ենք արել». Ալեն Սիմոնյանը՝ Արցախն Ալիևին նվիրելու փաստաթղթի մասին
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողն Ալեն Սիմոնյանին հիշեցրեց, որ ոչ թե ընդդիմությունը, այլ ՀՀ իշխանությունն է 2022 թվականի հոկետմբերի 6-ին Պրահայում ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը լրագրողին կոչ արեց «դուրս գալ այդ ռուսական նարատիվից»։
«Դա ռուսական նարատիվ է, որը որևէ կապ չունի իրականության հետ։ Միանշանակ ստորագրել ու լավ ենք արել։
Հայաստանը տարիներ շարունակ, երկու տարի գտնվել է հարձակումների ներքո ՌԴ-ի բաց աչքերի ներքո, որը Հայաստանի դաշնակիցն էր, ՀԱՊԿ-ի հիմնական դերակատարը։ ՌԴ նախագահը 2020 թվականի նոյեմբերի 10-ին կամ 11-ին և 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կամ 11-ին բազմաթիվ անգամ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժան մասը։
Նպատակը եղել է այդ չլուծված կարգավիճակի հարցը թողնել Հայաստանի «վզին», չմասնակցել որևէ ձևով ՀՀ պաշտպանությանը, դաշնակցային պարտավորությունները չկատարել, Ադրբեջանին որպես մահակ օգտագործել և Հայաստանի վրա հարձակումները լեգիտիմացնել։ Հետագայում ասել, թե՝ գիտե՞ք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանը նույնիսկ նոր են դեմարկացիա անում, բա ՀԱՊԿ-ը ո՞նց գա։
Պրահայի համաձայնագիրը դա ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովող ամենավերջին ու ամենահստակ փաստաթղթերից մեկն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Ավելին՝ Ալեն Սիմոնյանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած փաստաթուղթը համարեց ՀՀ հաղթանակ՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունը պատասխանատու է Հայաստանի սահմանների պաշտպանության համար։
«Հայաստանի իշխանությունը կստորագրի յուրաքանչյուր փաստաթուղթ, որտեղ ՀՀ ինքնիշխանությունը, սահմանները ֆիքսվում են։
Չե՞ք հասկանում, որ նպատակը եղել է Հայաստանը, ոչ թե Արցախը»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



