Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

«Մեծարգո պարոն վարչապետ, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական կարևոր ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։ Հանձնառու եմ համատեղ ջանքերով նպաստելու Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ ընդգրկուն օրակարգի ընդլայնմանն ու նոր հավակնոտ ծրագրերի իրականացմանը, այդ թվում` տնտեսական համագործակցության ոլորտում:

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել՝ ի նպաստ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա ամուր բարեկամության խորացման և մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունների զարգացման, որում անձամբ ունեցել եք մեծ ու խորհրդանշական դերակատարում: Դրա լավագույն օրինակներից է Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը:

Բարձր եմ գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունը։ Մեծ գնահատանքով ենք հիշում մեր երկրի համար դժվարին ժամանակներում Հայաստան կատարած Ձեր այցն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը։ Մեծ սիրով առաջիկայում սպասում եմ Ձեր պաշտոնական այցին Հայաստան՝ ինչը գերազանց առիթ կլինի Հայաստանի և Ֆրանսիայի վերընթաց զարգացող համագործակցության ընդլայնման ու նոր ծրագրերի նախանշման շուրջ քննարկումների համար։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում»։

Տեսանյութեր

Լրահոս