Բաժիններ՝

Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայով գազի տարանցումից. Պուտին

Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի տարածքով իր գազը տարանցումից, բայց եթե Ուկրաինան հրաժարվի դրանից, ապա Ռուսաստանը չի կարող ստիպել նրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք չենք հրաժարվում այդ տարանցումից, որքան էլ տարօրինակ չհնչի։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք և «Գազպրոմ» ընկերությունը մտադիր ենք կատարել մեր բոլոր պարտավորությունները մեր հաճախորդների նկատմամբ, որոնց հետ ունենք երկարաժամկետ պայմանագրեր», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Եվրոպա գազի մատակարարման պարտադիր բաղադրիչներից մեկը տարանցումն է։ «Կա տարանցման պայմանագիր, որն ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Բայց եթե Ուկրաինան հրաժարվում է այս տարանցումից, դե ինչ, մենք չենք կարող ստիպել նրանց», – ասել է Պուտինը:

Ուկրաինայի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ մտադիր չեն երկարաձգել ռուսական գազի տարանցման պայմանագիրը։  ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների ծավալը կկրճատվի, եթե Ուկրաինան հրաժարվի տարանցումից, բայց «դա նրանց ընտրությունն է»։

Պուտինը նշել է, որ Եվրոպայում ռուսական գազի հիմնական սպառողները, ըստ երևույթին, չեն ցանկանում ստիպել Ուկրաինային պահպանել տարանցումը, թեև Ուկրաինային տրամադրում են համապարփակ օգնություն։ 

«Սակայն Ուկրաինան հրաժարվում է մեր տարանցումից, ինչը նշանակում է, որ գազի ծավալները, որոնք հոսում են Եվրոպա, կկրճատվեն։ Դրանք կուղարկվեն այլ ուղիներով, մասնավորապես՝ «Թուրքական հոսք»-ով, որոշ չափով  նաև՝ «Երկնագույն հոսք»-ով դեպի Թուրքիա», – ասել է Պուտինը։Նրա խոսքով, այդ մատակարարումները նույնպես կնպաստեն Եվրոպայում էներգետիկ կայունությանը։

«Բայց դա նրանց ընտրությունն է։ Թե ինչպես դա կազդի նրանց վրա, ես արդեն լիովին չգիտեմ», – ասել է Պուտինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս