Կանոնակարգը ստորագրելիս Բաքուն Երեւանի հետ քննարկե՞լ է հարցը եւ արդյո՞ք այդ առնչությամբ կա որեւէ բանավոր պայմանավորվածություն. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը եւ գործընթացը խաղաղության պայմաններում է, ապա չկա Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտություն:

Ընդ որում, ուշադրություն եմ հրավիրում ձեւակերպմանը՝ «կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը գործի հայկական կողմից Ադրբեջանի սահմանի մոտ»: Այսինքն, Հայաստանի տարածքում որտեղ ուզում է, թող գործի, բայց ոչ Ադրբեջանի սահմանի մոտ:

Հաջիեւի այս հայտարարությունը նախ առաջացնում է հարց՝ կանոնակարգը ստորագրելիս Բաքուն Երեւանի հետ քննարկե՞լ է հարցը եւ արդյո՞ք այդ առնչությամբ կա որեւէ բանավոր պայմանավորվածություն, թե՞ Ադրբեջանը կանոնակարգի ստորագրումից հետո նոր է դնում հարցը օրակարգ բերելու նպատակ:

Հիշենք, թե ե՞րբ է կայացվել ԵՄ դիտորդական առաքելության մասին որոշում, ու ինչպես: Այդ որոշումը կայացվել է Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, հայտնի քառակողմ հանդիպման համատեքստում: Ընդ որում, նշվում էր, որ Հայաստանը համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանի իր կողմում տեղակայմանը, իսկ Ադրբեջանը համաձայնել է գործակցել այնքանով, որքանով գործունեությունը կառնչվի իրեն:

2024 թվականին, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանակավորից ստացավ դիվանագիտական մշտական առաքելության կարգավիճակ: Ընդ որում, ստացավ այդ կարգավիճակը բավականին ուշագրավ պայմաններով: Մասնավորապես նշվում էր, որ ԵՄ-ն իրավունք ունի այդ առաքելությանը ներգրավել ոչ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների: Նաեւ, Հայաստանի համար անձեռնմխելի էր դառնում դիտորդական առաքելության նամակագրությունն ու փաստաթղթերը»։

Տեսանյութեր

Լրահոս