Ինչը վերցնում են կռվով, պետք է հետ վերադարձնեն կռվով. Գործընթացն ընթանում է ադրբեջանական պլանով. Մովսես Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նախ անարդար համարեց Ադրբեջանի մեղադրանքները՝ կապված Հայաստանի սպառազինության հետ, այնուհետև հստակ ասաց՝ Հայաստանը չի պատրաստվում ռազմական ճանապարհով հետ բերել ՀՀ այն տարածքները, որոնք այս պահին օկուպացված են Ադրբեջանի կողմից։

«Բազմիցս եմ ասել, որ ցանկացած պետություն ունի ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու իրավունք, ի՞նչ հիմքով և ինչի՞ համար, միջազգային իրավունքը և, օրինակ, ՄԱԿ-ի կանոնադրությունը զինված ուժեր ունենալու, ինքնապաշտպանվելու իրավունքն ըստ էության համարում են անօտարելի իրավունք։ Այսինքն՝ ցանկացած երկիր ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի, և այդ իրավունքը որևէ կերպ չի կարող վիճարկվել, որովհետև միջազգային իրավունքում նաև հանրահայտ պարտավորություն կա պետությունների համար՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունը։

Այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ զինված ուժերում, ունեն միայն ու միայն այդ նպատակը։ Ավելին ասեմ, դուք գիտեք, այդ թվում՝ ընդդիմությունը մեզ քննադատում է և քննադատել է այն փաստի բերումով և պատճառով, որ ՀՀ ինքնիշխան, ավելին քան 240 քկմ տարածքն օկուպացված է։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ասեմ, որ այդ տարածքները, Հայաստանի 29.743 քկմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չեն։ Մյուս կողմից՝ մենք այսօր, վաղը և մյուս օրը խնդիր չենք դնում այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

2021 թվականի մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մի քանի ուղղությամբ ներխուժել ու օկուպացրել են ՀՀ տարածքները, ըստ պաշտոնական տվյալների՝ 240 քկմ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։

Կարդացեք նաև

Եթե երեք տարի ՀՀ իշխանություններին չի հաջողվել դիվանագիտական ու բանակցային ճանապարհով այդ տարածքներից հանել ադրբեջանցիներին, այսօր կհաջողվի՞։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նախ սկզբում չցանկացավ մեկնաբանել Նիկոլ Փաշինանի՝ իր բնորոշմամբ՝ տրամաբանությունից դուրս արված հայտարարությունը, սակայն հետո ասաց.

«Ես մեկ բան հստակ գիտեմ՝ այն, ինչը վերցնում են կռվով, պետք է հետ վերադարձնեն նույն ճանապարհով՝ կռվով, այլ կերպ չի լինելու, բացառվում է»։
Մովսես Հակոբյանը նաև հեգնեց՝ շեշտելով, որ հայ-ադրբեջանական բանակցություններում ամեն ինչ պլանով գծված անում են։

Հարցին՝ այդյո՞ք այդ պլանավորված գործընթացում հայկական շահը պահպանվում է, Մովսես Հակոբյանը հարցով պատասխանեց.

«Իսկ ՀՀ իշխանությանը հայկական շահ պե՞տք է։ Գործընթացն ընթանում է՝ ըստ ադրբեջանական պլանի, ինչու հայկական կողմը պլան ունի՞, ես չգիտեի, որ մենք էլ պլան ունենք»։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը, հստակ չպատասխանեց հարցին, թե Տավուշի մարզում սահմանագծման աշխատանքների ավարտից հետո կա՞ն երաշխիքներ, որ ադրբեջանական զինուժը, օրինակ, դուրս կգա Ջերմուկում, Սյունիքում, Գեղարքունիքում օկուպացրած տարածքներից։

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի մայիսի 12-ից հետո Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածք է ներխուժել նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, նաև ներխուժել է Իշխանասարի, Ներքին Հանդի և այլ տարածքներ։ Դրան հաջորդեցին նաև նախորդ տարվա փետրվարին ու մարտին Տեղ համայնքում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները կրկին առաջ էին եկել ու դիրքավորվել ՀՀ տարածքում, ավելին՝ այսօր այդ հատվածում արդեն փշալար են քաշել ու իրականացնում են ամրաշինական աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս