Այս տարի դպրոցներում 13 դասագիրք չեն ունենա՝ նախորդ 11-ի փոխարեն. սա լուրջ խնդիր է. Սերոբ Խաչատրյան
Կառավարության վերջին նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ ներկայացրեց՝ ասելով, որ դա արվում է որակյալ կրթություն ապահովելու համար։ Ըստ նախարարի՝ ուսուցիչների վերապատրաստման մեկ միասնական համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի՝ նոր բարեփոխված համակարգով։
Դպրոցների ու կրթության թեման շարունակեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ արդեն քննարկել են, որ դպրոցներում պետք է ներդնեն դիզայնի որոշակի ստանդարտներ, և կհետևեն, որպեսզի այդ ստանդարտները պահվեն։
«Նախարարին իմ վերջին չնախատեսված այցերն եմ պատմել, թե ինչ վիզուալ տպավորություններ եմ ստացել բովանդակային առումով դպրոցում։ Շատ լուրջ խնդիրներ կան, մենք մեր բոլոր պրոբլեմները՝ հին, նոր և այլն, տանում, կախում ենք երեխաների վզից, չի կարելի նման բան անել։ Երեխաներին պետք թողնենք, իրենք ձևավորվեն»,-նշեց Նիկոլ Փաշինյանը և չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ դիզայներական ստանդարտներ են ներդնելու դպրոցներում։
Դպրոցներում ինտերիերի փոփոխությունը որքանո՞վ է ազդելու ներկայիս կրթության որակի վրա, ուսուցիչների վերապատրաստման ԿԳՄՍՆ-ի նոր համակարգն ի՞նչ է իրենից ենթադրում։
168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ եթե Նիկոլ Փաշինյանը նկատի ունի շինարարական դիզայնը, իհարկե, դա շատ կարևոր է, բայց ըստ հետազոտությունների, ֆիզիկական միջավայրն առավելագույնը կրթության վրա կարող է ազդել 10 տոկոսով։
«Եթե մանրամասներ, թե դիզայնը փոխելով՝ ի՞նչ նկատի ունի, ապա կարծիքս միանշանակ հստակ կներկայացնեի»,-նշեց Սերոբ Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է վերապատրաստման համակարգին, կրթության փորձագետն ասաց, որ պարտադիր ատեստավորումն արդեն ենթադրում է ուսուցչի վերապատրաստում։
Այսինքն՝ ուսուցիչը նախ պարտադիր վերապատրաստում է անցնում, հետո քննություն է հանձնում, և դրա հիման վրա որոշում են՝ նրան ատեստավորե՞ն, թե՞ ոչ։
«Հիմա այս վերապատրաստման նոր համակարգը գոնե մի երկու դրական կողմ ունի։ Նախ, ժամկետն ավելի տևական է դառնում. նախկինում ուսուցիչն իր վերապատրաստումն ու ատեստավորումն անցնում էր շատ կարճ ժամանակահատվածում, արդյունքում՝ շատ բաներ կիսատ-պռատ էր արվում։ Իսկ այս նոր համակարգը տարածվում է տարիների վրա։ Ուսուցիչը կարող է վերապատրաստումն անցել 2-ից մինչև 5 տարում։
Նախկինում եթե վերապատրաստելիս նույն բանն էին բոլորն անցնում, հիմա տեղի է ունենում ուսուցչի կարիքների գնահատում։
Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ այդ վերապատրաստումը ճիշտ անցնի, կարիքները ճիշտ գնահատվեն, քանի որ մենք սովոր չենք գնահատել մեր կարիքները։ Հիմա մենք հակված ենք մեզ բարձր գնահատելու, կարիքները սխալ գնահատելու, և այդ իմաստով, իհարկե, համակարգը պետք է բարելավեն»,-հավելեց Սերոբ Խաչատրյանը և շարունակեց՝ համակարգը պետք է բարելավեն, և ամենակարևորը՝ վերապատրաստումներն անցկացնեն բարձր որակով։ Սա պետք է անի պետությունը ուժեղ, մասնագիտացված թիմով։
Այս պահին, ըստ կրթության փորձագետի, վերապատրաստում անում են մարդիկ, որոնք 4-6 տեղ այդ գործընթացը կազմակերպում են, և սա նրանց համար լինելու է հերթական գործը։ Պետք է երաշխավորվի վերապատրաստումները բարձր մակարդակով անցկացնելու գործընթացը։
Սերոբ Խաչատրյանը նաև անդրադարձավ հանրակրթական դպրոցներում այս տարի դասագրքերի հետ կապված հարցին՝ շեշտելով, որ այս տարի դասագրքերի վերաբերյալ մրցույթը մի քիչ ավելի շուտ է տեղի ունեցել, այդ պատճառով էլ էական ուշացումներ չեն լինի։
«Դասագրքերի մեծ մասը դպրոցներում ստացել են, ամբողջությամբ ստացե՞լ են, թե՞ոչ, չեմ կարող ասել, երեկվա դրությամբ դեռ չէին ստացել։ Այս տարվա խնդիրն այն է, որ 13 առարկաներից ամբողջ ուսումնական տարվա ընթացքում դասագրքեր չեն լինելու։
Նախորդ տարի այդ գրքերի թիվը 11 էր, այս տարի՝ 13։ Այդ գրքերից 5-ը 10-րդ դասարանի համար է, կան գրքեր, որոնք շատ տարբեր են։ Սա մեծ թերություն է, լուրջ խնդիր։ Այդ դասագրքերը չկան, քանի որ մրցույթ եղել է, սակայն կա՛մ մրցույթին չեն դիմել, կա՛մ դիմել են ու չեն անցել: Ինչ վերաբերում է արդեն տպագրված դասագրքերին, դրա մասին առաջիկայում պետք է խոսեն ուսուցիչները»,-եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։
Հարկ է հիշեցնել, որ դեռևս ամիսներ առաջ տարբեր դպրոցների հետ կապված ահազանգեր եղան, որ դպրոցներից հանում են հայ հերոսներին նվիրված փառքի անկյունները։ Թեպետ որոշ տեղերից հերքվեց, որ հանել են, որոշ տեղերից էլ հաստատել էին, որ հանվել են զուտ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, նոր դիզայներական ստանդարտներ ասելով՝ նկատի ուներ հենց այդ փառքի անկյունների հանելը, պարզ կդառնա առաջիկայում։