Կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
Աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները մեկ հարթակում ամբողջացնելու և հասանելիություն ապահովելու նպատակով՝ կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության՝ օգոստոսի 29-ի նիստում:
Թվային համակարգը հնարավորություն կտա՝
- աշխատանքային պայմանագրերը կնքել թվային համակարգի միջոցով՝ օրենսդրությանը համապատասխան, գրագետ ու նույնանման,
- աշխատանքային հարաբերության կողմերին ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված
- աշխատանքային պայմանագրերը՝ թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով,
- պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը,
- նվազեցնել փաստաթղթերի թղթային շրջանառության ծավալը,
- հավաքագրել աշխատաշուկայի վերլուծության համար վիճակագրական տվյալներ։
Համակարգը կմշակի Պետական եկամուտների կոմիտեն․ աշխատանքային պայմանագիրը աշխատողներին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով՝ կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
Տեսչական և հարկային մարմինները կունենան փաստաթղթերին հասանելիություն՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգերի շրջանակում և հարկային հսկողության մասով, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կտրվի հասանելիություն՝ օտարերկրյա աշխատողի տվյալներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում։
Նոր կարգավորումները կներդրվեն փուլային տարբերակով՝
- 2025 թ. հուլիսի 1-ից – 2026 թ. հունվարի 1-ը՝ կամավոր,
- 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։