21-ամյա երիտասարդն ընկերոջ հետ մոր մորաքրոջ բնակարանից հափշտակել է 500 000 ԱՄՆ դոլարի զարդեր և 4000 ԱՄՆ դոլար

Բացահայտվել է Երևան քաղաքի 72-ամյա բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքը:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանցագործություն կատարած 2 անձանցից մեկը 72-ամյա կնոջ քրոջ 21-ամյա թոռն է, իսկ մյուսը՝ վերջինիս 24-ամյա ընկերը:Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 21-ամյա երիտասարդը, տեղյակ լինելով իր մոր մորաքրոջ՝ տանից տևական ժամանակ բացակայելու և բնակարանի բանալիների օրինակը իրենց բնակարանում գտնվելու հանգամանքի մասին, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 72-ամյա կնոջը պատկանող, սակայն իր կողմից շահագործվող «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով հանդիպել է հիշյալ ընկերոջը և պայմանավորվել հափշտակություն կատարելու շուրջ: 

2024 թվականի օգոստոսի 24-ին ժամը 05:40-06:15-ն ընկած ժամանակահատվածում երիտասարդները, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ դռան կողպեքը բանալու միջոցով բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել 72-ամյա կնոջ տուն և գաղտնի հափշտակել մոտ 500.000 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա և ադամանդյա զարդեր և 4000 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև, նպատակ ունենալով հանցանքն այլ եղանակով և իբրև այլ անձանց կողմից կատարված լինելու տպավորություն ստեղծել, ինչպես նաև՝ չբացահայտվելու, հանցանքն այլ եղանակով կատարված լինելու և քննությունը շեղելու նպատակով, մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականին հարող փայտե մակերեսը և մետաղյա ձողը թողնելով բնակարանում՝ հեռացել:

Այլ անձանց կողմից գողություն կատարելու իմիտացիան բացահայտվել է, հափշտակություն կատարելու համար կասկածվող նշված երիտասարդները հայտնաբերվել են և ձերբակալվել:Դատարանի համապատասխան որոշումներով 24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 21-ամյա երիտասարդի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս