Սի Ծինփինը հանդիպում է ունեցել Ջեյք Սալիվանի հետ
Պեկինը, փոխգործակցելով Վաշինգտոնի հետ, մշտապես կպաշտպանի երկրի ինքնիշխանությունն ու զարգացման շահերը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը։
«Մեր ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի հաստատակամ պաշտպանության մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ», – նշել է Սի Ծինփինը։
Նա նաև ասել է, որ թեև ԱՄՆ-ում և Չինաստանում իրադրությունը փոփոխություններ է կրել, սակայն երկու երկրների հարաբերությունների հաստատուն, առողջ և կայուն զարգացումն ապահովելու՝ Պեկինի նպատակը չի փոխվել։
Սի Ծինփինը հավելել է, որ Չինաստանը կշարունակի փորձել պահպանել «ավանդական բարեկամությունը չին և ամերիկացի ժողովուրդների միջև»։
Հանդիպումը կայացել է Պեկինի Ժողովրդական ժողովների տանը։Սալիվանն իր պաշտոնում առաջին անգամ է այցելում Չինաստան։ Ավելի վաղ նա հանդիպել էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի, ինչպես նաև երկրի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսիայի հետ: