Նիդեռլանդներում հայտարարել են, որ Ուկրաինա տեղափոխված F-16-երի կիրառման սահմանափակումներ չկան
Ուկրաինան կարող է Նիդեռլանդների կողմից փոխանցված F-16 կործանիչներն օգտագործել այնպես, ինչպես հարմար է գտնում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքի նկատմամբ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի զինված ուժերի հրամանատար գեներալ Օննո Էյհելսհեյմը։
«Մենք որևէ սահմանափակում չենք դրել F-16-երի օգտագործման կամ հեռահարության վրա», – ասել է նա։Նա հավելել է, որ Ուկրաինան կարող է առանց սահմանափակումների օգտագործել Նիդեռլանդների տրամադրած ողջ սպառազինությունը՝ հումանիտար իրավունքի դրույթների և ռազմական գործողություններ վարելու կանոնների պահպանման պայմանով։
Էյհելսհեյմը չի հստակեցրել, թե Ամստերդամն արդեն քանի կործանիչ է տեղափոխել Կիև։ Ընդհանուր առմամբ, Նիդեռլանդները խոստացել է փոխանցել 24 ինքնաթիռ։
Հունիսին Կայսա Օլլոնգրենը, որն այն ժամանակ ղեկավարում էր Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը, հայտարարել էր, որ Ուկրաինան ինքն է որոշում, թե ինչպես օգտագործի այն զենքերը, որոնք իրեն փոխանցում է Ամստերդամը։ Նա հույս էր հայտնել, որ Նիդեռլանդների հաջորդ կառավարությունը կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ին և Ուկրաինային։
Նիդեռլանդները և Դանիան գլխավորում են «F-16» կոալիցիան, որի շրջանակներում անցկացվում է ուկրաինացի օդաչուների վերապատրաստում։ Նաև երկու երկրները հայտարարել են Ուկրաինային F-16 ինքնաթիռներ տրամադրելու իրենց մտադրության մասին։
F-16-ն ամերիկյան չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ թեթև կործանիչ է, որը շահագործվում է 1978 թվականից։ Այն ակտիվորեն օգտագործվել է Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողության և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ժամանակ։