Իրաքցի շիաները հայտնել են Իսրայելի էլեկտրակայանի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակման մասին
Շիաների «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը հայտարարել է Իսրայելի Ալոն Տավոր էլեկտրակայանի վրա կամիկաձե անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։Հարձակման արդյունքների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Ալոն Տավոր գազային ջերմաէլեկտրակայանը գտնվում է Ստորին Գալիլեայում։ Դրա հզորությունը մոտ 600 ՄՎտ է։
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է, որ գործողությունն իրականացրել է՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների և ի պատասխան Իսրայելի կողմից Գազայում քաղաքացիական անձանց սպանության։
Հուլիսի 10-ին «Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել էր Հադերա քաղաքի մոտ Իսրայելի Օրոտ Ռաբին խոշորագույն ջերմաէլեկտրակայանի վրա նմանատիպ հարձակման մասին:Իրաքում շիաների կազմավորումները մեծացրել են իրենց ակտիվությունն 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ։ Շուրջ 250 մարդ գերեվարվել էր. նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերի վերջին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ժամանակ։
Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 40 534-ի, վիրավորվել է ավելի քան 93 700 մարդ։