Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները տարբեր են. Ադրբեջանն ավելի մեծ զիջումներ է ուզում. Ռուբեն Սաֆրաստյան

Օգոստոսի 27-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ինչպես նախապես հայտարարվել էր, հանդիպմանը քննարկվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Քննարկվող թեմաներից մեկն էլ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն էր։

Այս հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ վերահաստատել են Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ համատեղ ցանկությունը։ Գնահատել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված զարգացումները։

Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն իր թուրք գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է»։

Բայրամովը հավելել է նաև, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել «Խաղաղության համաձայնագրի» նախագիծը և 5 հիմնական սկզբունքներ։
Այդուհանդերձ, նա հերթական անգամ կեղծ պնդում է արել Հայաստանի Սահմանադրության մեջ առկա դրույթների վերաբերյալ՝ նշելով, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

Կարդացեք նաև

Ի դեպ, նշենք, որ Ալիևի ադմինիստրացիային կից գործող ադրբեջանցի վերլուծաբաններն իրենց հարցազրույցներում նախ հայտարարում են, որ կնքվելիք հայտարարությունն ընդամենը մտադրությունների, սկզբունքների մասին արձանագրություն է լինելու, և «Խաղաղության պայմանագիրն» ընդամենն այդ արձանագրության աշխատանքային անվանումն է:

Չնայած այն հանգամանքին, որ հենց Ադրբեջանը նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո անընդհատ սպառազինություն է գնում տարբեր երկրներից, Բայրամովը բողոք է ներկայացրել, որ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում տարբեր երկրներից։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Ֆիդան-Բայրամով հանդիպումն առաջին հերթին նպատակ ուներ ցույց տալու, որ ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան է տարածաշրջանում հիմնական դերակատարը։ Թերևս այս մասին են վկայում Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունները։

«Այս հանդիպումը տեղի ունեցավ Պուտին-Ալիև հանդիպումից հետո։ Ադրբեջանի համար կարևոր էր՝ ցույց տալ Թուրքիային, որ, տեսեք՝ չնայած Ռուսաստանի հետ փորձում ենք սերտ հարաբերություններ հաստատել, բայց Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի ավագ եղբայրը, ինչպես ասում են՝ մեկ ազգ, երկու պետություն։ Աշխարհաքաղաքական առումով սա է իմ դիտարկումը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Այս համատեքստում Ռուբեն Սաֆրասյանը Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարությունների և համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ արված դիտարկումների վերաբերյալ արձանագրեց մեկ ուշագրավ դրվագ՝ եթե Հաքան Ֆիդանն աշխատում էր ընդհանուր ձևակերպումներով խոսել, ապա Բայրամովը կրկնեց ադրբեջանական կողմի նախկինում բազմիցս արած պնդումները, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է։

«Նախկինում ասել եմ, այժմ էլ հաստատում եմ՝ Թուրքիան շահագրգռված է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավորինս արագ ստորագրվի «Խաղաղության պայմանագիր», և շահագրգռված է աշխարհաքաղաքական տեսակետից։ Այսինքն, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի պայմանագիր, ապա Հայաստանի պարտությունից հետո նոր իրավիճակ կստեղծի մեր տարածաշրջանում, իսկ նոր իրավիճակն այն է, որ Հարավային Կովկասում Թուրքիան ավելի մեծ դերակատարում կունենա Ռուսաստանի թուլացման ֆոնին։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ձգձգում է պայմանագրի ստորագրումը՝ պատճառաբանելով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։ Այստեղ Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանի ներքին գործերի վրա, ինչը նշանակում է՝ Ադրբեջանը շահագրգռված չէ այն շուտ ստորագրել։ Այստեղից էլ եզրակացություն, որ այս հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները տարբեր են։ Նաև Ադրբեջանի նպատակն է՝ Հայաստանից հնարավորինս ավելի մեծ զիջումներ ստանա»,- հավելեց Ռ. Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագրի» մշակումը մոտ է ավարտին, սակայն «մենք պետք է վստահ լինենք, որ դա հարատև խաղաղություն է լինելու»։ Նա նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը։

Տեսանյութեր

Լրահոս