Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարն առաջարկում է «փակել» ԱԱԾ-ն
Օգոստոսի 23-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հեղինակն Արտաքին հետախուզական ծառայությունն է: Այս կառույցը ստեղծվել է 2022թ. դեկտեմբերի 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով»: Ըստ օրենքի՝ Ծառայությունն իր գործունեության առանձահատկություններով պայմանավորված՝ ոչ միայն առնչվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, այլ նաև իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն և պաշտպանություն։
Ներկայումս, «Պետական գաղտնիքի մասին» 2023թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն օրենքով՝ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և մի շարք այլ լիազորություններ ունի բացառապես լիազոր մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
«Մինչդեռ իր առջև դրված խնդիրներն իրականացնելու և նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է Ծառայությանը հնարավորություն տալ Օրենքով սահմանված որոշակի գործառույթներ իրականացնել անձամբ՝ առանց Լիազոր մարմնի միջնորդավորվածության և վերահսկողության»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Ըստ այդմ՝ Արտաքին հետախուզական ծառայությունը ցանկանում է.
• Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն,
• Սահմանել, որ Ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով,
• Ծառայությանը վերապահել լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։
Փաստացի նախագծով առաջարկվում է հերթական անգամ թուլացնել ԱԱԾ-ն բավականին զգալի ծավալով: Առանց այդ էլ հիմա ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանը վերցրել է գրեթե բոլոր կարևոր գործառույթները, այդ թվում՝ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) նկատմամբ վերահսկողությունը, վերացվել է նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտը, փոխարենը՝ այն տեղափոխվելէ Քննչական կոմիտե, և Արգիշտի Քյարամյանի գլխավորած կառույցն էլ ավելի է հզորացել՝ ի հաշիվ ԱԱԾ-ի:
Ու հիմա, փաստորեն, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն առաջարկում է «փակել» ԱԱԾ-ն: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի համար Արմեն Աբազյանից ազատվելու միակ տարբերակը մնացել է շրիշակի մակարդակի վերածված կառույցն իսպառ փակելը:
Նախագիծը կքննարկվի մինչև սեպտեմբերի 7-ը: