Կարապետ Պողոսյանին ազատությունից զրկելը իրականացվում է ոչ իրավաչափ նպատակներով. Կարապետ Պողոսյանի պաշտպաններ

2024 թվականի օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մինչդատական վարույթում Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու, իսկ 2 միլիոն ՀՀ դրամի չափով գրավն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Ընդ որում, դատարանն արգելել է Կարապետ Պողոսյանին ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց։

Նախևառաջ նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն` տնային կալանքը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով համարվում է ազատությունից զրկում, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են հիշյալ հոդվածով սահմանված երաշխիքները:

Կարապետ Պողոսյանին ոչ իրավաչափ նպատակներով ազատությունից զրկելը հիմնավորվում է իշխանության ներկայացուցիչների գործողությունների հաջորդականությամբ, բովանդակությամբ և ընդհանուր տրամաբանությամբ:

Ի սկզբանե` 2024 թվականի հունիսի 5-ին, Կարապետ Պողոսյանը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, թիրախավորվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, որն արտահայտվել է Պարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից վերջինիս տրանսպորտային միջոցը, առանց օրենքով սահմանված հիմքերի, հատուկ պահպանվող տարածք բերման ենթարկելով և արգելանք դնելով` այդ կերպ զրկելով նրան խաղաղ հավաքին մասնակցելու սահմանադրական իրավունքից:

Կարապետ Պողոսյանը, վրդովված լինելով իր նկատմամբ իրականացվող ապօրինությունից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի ճշմարիտ պատճառների մասին հայտնել է հանրությանը` իր բառապաշարում օգտագործելով այնպիսի արտահայտություններ, որպիսի արտահայտություններ տարբեր ժամանակահատվածներում օգտագործել են ներկայիս իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, և այդ արտահայտությունները իրավապահ մարմինների կողմից չեն համարվել անպարկեշտ:

Օբյեկտիվ հիմք չունեցող և իրավաչափ նպատակ չհետապնդող տարբերակված մոտեցման արդյունքում Կարապետ Պողոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար:

Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանին ազատությունից շարունակական զրկելը հետապնդում է այլ նպատակներ, քան նախատեսված են ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, քանի որ` Կարապետ Պողոսյանի դեմ մեղադրանքը հիմնված չէ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի վրա, իսկ վերջինս ազատությունից զրկված է իր նկատմամբ իշխանության ներկայացուցիչների` պարեկային ծառայողների կողմից դրսևորած ապօրինության մասին հանրությանը հայտնած խոսքի համար, որպիսի խոսքը այլ դեպքերում համարվել է իրավաչափ:

Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները` այդ նպատակները կարող են լինել իշխանությանը դեմ արտահայտվողներին լռեցնելը, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, այդ թվում` իշխանության ներկայացուցիչների կողմից թույլ տրված ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար պատժելը, այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու սպառնալիքի ներքո իշխանություններին հրապարակային քննադատելուց ձեռնպահ մնալուն հարկադրելը:

Իրազեկում ենք նաև, որ Կարապետ Պողոսյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումներ անցկացնելու համար հրավիրված հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում:

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`
Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան

Տեսանյութեր

Լրահոս