Բժիշկներն ասացին՝ երեխայի լեզուն պետք է հեռացնեն, այլ տարբերակ չկա, չհամաձայնեցի. լավագույն լուծումը փոխպատվաստումն է. 12-ամյա Վախթանգի բուժման համար գումար է անհրաժեշտ

Արցախից բռնի տեղահանված Հայկուհի Մկրտչյանը Մարտակերտում թողել է ոչ միայն տունը, անձնական փաստաթղթերը, այլև որդու՝ Վախթանգի բուժման համար հավաքած ողջ գումարը։

12-ամյա Վախթանգ Գրիգորյանն ունի լեզվի ուռուցք, երեխայի մոտ այն հայտնաբերվել է 5 տարեկանում, արդեն 7 տարի է՝ մի քանի վիրահատությունների է ենթարկվել, բուժում անցել Մոսկվայում։ Այժմ կրկին պետք է վիրահատվի Մոսկվայում, սակայն գումար չկա։

Վախթանգի մայրը՝ Հայկուհի Մկրտչյանը, 168.am հետ զրույցում պատմեց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, այժմ ամուսնու և որդու հետ ապրում են Չարենցավան քաղաքում՝ վարձակալած բնակարանում։ Ամուսնու հետ աշխատում են, սակայն աշխատավարձը տալիս են բնակարանի վարձը, կոմունալներն են վճարում, երեխայի համար դեղորայք և սնունդ են գնում։ Աշխատավարձն այնքան մեծ չէ, որպեսզի կարողանան հավաքել որդու վիրահատության համար։

«2018 թվականին Երևանում է տղաս վիրահատվել՝ 4 անգամ, ընդ որում, մեկ ամսում 2 վիրահատություն է տարել։ 2020 թվականին էլ Մոսկվայում է վիրահատվել։ Մեկ տարի անց՝ 2021 թվականին, վիճակը կտրուկ վատացավ, տեղափոխեցինք Երևան, ասացին, որ լեզուն անհապաղ պետք է հեռացնենք, այլ տարբերակ չկա. չհամաձայնեցի։ Մեզ խորհուրդ տվեցին, որ երեխային տանենք Մոսկվա, տեղափոխեցինք, բուժման որոշակի կուրսեր անցավ, հիմա պարբերաբար պետք է տանենք, որպեսզի այդ բուժումներն անցնի, մինչև դառնա 14 տարեկան, լեզուն արդեն փոխպատվաստեն։

Մոսկվայում մեզ ասացին, որ երեխան դեռևս փոքր է, երբ դառնա 14 տարեկան, լեզուն կփոխպատվաստենք՝ իր մարմնից որոշակի հատված վերցնելով։ Ուռուցքը բարորակ է, փառք Աստծո, այն չի տարածվում, բայց վիրահատություններից հետո այն կրկին աճում է, դրա համար, ըստ Մոսկվայի կլինիկայի բժիշկների՝ լավագույն լուծումը փոխպատվաստումն է»,- նշեց Հայկուհի Մկրտչյանը։

Մեր զրուցակիցն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանից է՝ Վերին Հոռաթաղ գյուղից։ Ասում է՝ երբ դեռ Արցախում էին ապրում, ամուսնու հետ աշխատում էին, գումար էին հավաքում, որպեսզի տղայի 14 տարեկան դառնալուն պես վիրահատեն։

«Մենք աշխատում, գումարը հավաքում էինք ու այդ վիրահատությանն էինք պատրաստվում, սակայն նախորդ տարի Ադրբեջանի հարձակման հետևանքով ամեն ինչ կորցրեցինք, հավաքած գումարը չկարողացանք տանից վերցնել։ Երբ Ադրբեջանը հարձակվեց, ես հիվանդանոցում էի, ամուսինս՝ դիրքերում։ Ես հիվանդանոցից եմ դուրս եկել, ամուսինս դիրքերից է իջել, ու արդեն մեզ տարհանել են, քանի որ Մարտակերտն արդեն գրավել էին, ու այդպես դուրս ենք եկել՝ առանց նույնիսկ անձնական փաստաթղթերի։

Դեռևս չենք հաշվարկել, թե մեզ որքան գումար է անհրաժեշտ, ամեն ինչ կախված է հետազոտություններից։

Շատ դաժան ճանապարհ ենք անցել, այս տարիների ընթացքում՝ անընդհատ հիվանդանոցներ, անալիզներ, փաստաթղթերը միշտ ուղարկել ենք նաև Գերմանիա, որպեսզի այնտեղից էլ կարծիքներ ստանանք»,- հավելեց նա։

Հայկուհի Մխիթարյանը նաև ասաց՝ երբ բուժումն ուշացնում են, երեխայի լեզվի ուռուցքը մեծանում ու սկսում է արնահոսել։

«Հիմա համեմատաբար երեխայի վիճակը լավ է, որովհետև դեղորայքը ստացել է, կարողանում է հաց ուտել ու խոսել։ Բայց չգիտենք՝ սա որքան կտևի, կարող է՝ մեկ ամիս հետո կտրուկ վիճակը վատանա։

Ես ուզում եմ, որ որդուս բուժումը լավ անցնի, որպեսզի 2 տարի անց լեզվի փոխպատվաստման պրոցեսը հեշտ ու արդյունավետ լինի, որպեսզի որդիս կարողանա լիարժեք ապրել։ Մեզ Մոսկվայի կլինիկա գնալու վերջնաժամկետ չեն ասել, բայց որքան շուտ գնանք, այնքան լավ։ Նույնիսկ ոսկի չենք վերցրել, որպեսզի ծախենք՝ ինքնաթիռի տոմս առնենք, գնանք, ամեն ինչ կորցրել ենք ու կանգնել նման խնդրի առաջ։ Արցախում մենք երբեք որևէ մեկից գումար չենք վերցրել, որովհետև մեր տանն էինք ապրում, աշխատում էինք։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ամեն ինչ փոխվեց։

Իմ առաջնային նպատակը որդուս բուժումն է»,- եզրափակեց Հայկուհի Մկրտչյանը։

Հ.Գ. Վախթանգին օգնելու համար Հայկուհի Մկրտչյանը տրամադրել է Կոնվերս բանկի բանկային քարտի համար՝ 4847040004547845։

Տեսանյութեր

Լրահոս