Վարչապետի թեկնածու պետք է դառնա այլ մարդ, ոչ թե Բագրատ Սրբազանը. Դավիթ Անանյան
Եթե հիվանդը որոշել է մեռնել, ոչ ոք և ոչինչ չի՛ կարող փրկել նրան. նույն տրամաբանությամբ, եթե հայ ժողովուրդը որոշել է ինքն իրեն զրկել ինքնապահպանման բնազդից և չապրել, սեփական անգործությունն ու նվաստությունն այլ ուժերի վրա բարդելով, ուրեմն մենք՝ որպես ազգ, զրկվելու ենք պետականությունից, ինչը պահպանելու համար է ստեղծվել ազգային-ազատագրական շարժում՝ Բագրատ սրբազանի հոգևոր առաջնորդությամբ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը՝ միաժամանակ շեշտելով՝ ազգային-ազատագրական գաղափարախոսության հետ մեկտեղ` քանի դեռ այս հոգևոր շարժումը չունի քաղաքական բաղադրիչ, իր առջև դրված նպատակին չի՛ կարող հասնել։
«Հոգևոր առաջնորդությունը դա պայքար է ազգային զարթոնքի, հոգևոր արժեքների վերականգնման համար, ինչը լավագույնս անում է Բագրատ սրբազանը։ Շարժմանը, սակայն, պետք է նաև քաղաքական բաղադրիչ, ինչի առկայության պարագայում ժողովրդին պետք է ներկայացվի արժանապատիվ խաղաղությամբ ձևավորված այնպիսի օրակարգ, ինչը ենթադրում է քաղաքական քայլերի հաջորդականություն։
Նման օրակարգ հանրությանը պետք է ներկայացնեն քաղաքական դերակատարները՝ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմադիրները»,- ասաց Անանյանը։
Հարցին՝ ինչո՞ւ մինչև հիմա քաղաքական դերակատարները նման օրակարգ չեն դրել սեղանին, Դավիթ Անանյանը պատասխանեց հարցով. «Ես էլ եմ հարցնում՝ ինչո՞ւ. ինձ էլ է հետաքրքիր»։
Դավիթ Անանյանի համոզմամբ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը պարտադրում է, որ հոգևոր առաջնորդությունը զուգահեռվի քաղաքական առաջնորդությամբ։
«Սրա այլընտրանքը չկա. հոգևոր առաջնորդը չպետք է հավակնի քաղաքական օրակարգ ձևավորող լինել. նա պետք է լինի քաղաքական օրակարգն առաջնորդողների հոգևոր երաշխավորը։ Ասեմ ավելին՝ ամբիոնը պետք է դառնա քաղաքական օրակարգ ձևավորելու կարողություն ունեցող մարդկանց ամբիոն, մարդկանց, որոնք հոգևոր առաջնորդի կողմից օրհնված կլինեն»,- Սրբազան պայքարի առաջ դրված խնդիրներին լուծումներ տալու իր բանաձևն առաջարկեց Անանյանը։
Հարցին՝ իր առաջարկած կոնցեպտն արդյոք չի՞ ենթադրում, որ վարչապետի թեկնածու պետք է հայտարարվի ոչ թե Բագրատ սրբազանը, այլ՝ մեկ ուրիշը, Դ. Անանյանն արձագանքեց.
«Կարծում եմ՝ այո։ Վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն էր, քանի որ, ինչպես հասկացել եմ նրա խոսքերից, այդ պահին այլընտրանք չկար, ինքը պատրաստ է եղել այդ դերը ևս ստանձնել, իսկ եթե կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ստանձնել այդ դերը, ինքը հետ կկանգնի՝ ստանձնելով միայն հոգևոր առաջնորդությունը»։
Նրա խոսքով՝ այն մարդիկ կամ այն քաղաքական շրջանակները, որոնք համոզել են, որ վարչապետի թեկնածուի հարցում Բագրատ սրբազանին այլընտրանք չկա, անկեղծ չեն եղել իրենց մղումներում։
«Հոգևոր հորն այդպիսի խորհուրդներով մոլորության տանելու ամբողջ պատասխանատվությունն այդ մարդկանց վրա է»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։