Բաժիններ՝

Երիտասարդության  միջազգային օրվան նվիրված միջոցառումներ անցկացվելու են Գյումրիում, Գավառում և Վաղարշապատում

Երիտասարդության  միջազգային օրվան նվիրված միջոցառումները մեկնարկելու են Գյումրիում՝ օգոստոսի 11-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տարի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության նախաձեռնած միջոցառումներն անցկացվելու են երեք տարբեր քաղաքներում՝ Գյումրիում, Գավառում և Վաղարշապատում:

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, ներկայացնելով նախաձեռնվող միջոցառումները, տեղեկացրեց, որ, հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում երիտասարդների, պետական ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների կողմից դրական արձագանքները, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները դարձրել է ամենամյա։

«Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Գյումրիում կմեկնարկեն օգոստոսի 11-ին՝ Գյումրու «Աբովյան» ճեմափողոցում, որտեղ կտեղադրվեն թեմատիկ կանգառներ (տաղավարներ), որոնցում միաժամանակ տեղի կունենան տարաբնույթ աշխատարան-գործողություններ: Որպես Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների ամփոփում՝ կունենանք բացօթյա համերգ «YereOne Project» խմբի և «DJ MILL»-ի մասնակցությամբ»,- տեղեկացրեց Արթուր Նաջարյանը:

Օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: Միջոցառումների մեկնարկը կտրվի հեծանվարշավով, որի նպատակն է երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումն ու հասարակության մեջ նրանց դերի բարձրացումը։

Գավառում ևս նախատեսվում է տարատեսակ ժամանցային և սպորտային մրցույթներ, «Գավառ Քվեսթ» և օրը կամփոփվի «Նեմրա» բենդի համերգով:

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները կավարտվեն օգոստոսի 13-ին՝ Վաղարշապատում:

Միջոցառումներն անց են կացվելու  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գյումրու համայնքապետարանի, ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամ»-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակների, «ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոն»-ի, Հայաստանում Erasmus+-ի «Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս