Թուրքիան ժողովրդագրական աղետի առջև կկանգնի, բնակչությունը սրընթաց ծերանում է

Մինչև 2075 թվականը Թուրքիայի բնակչության գրեթե մեկ երրորդը կկազմեն 65 տարեկանից բարձր տարեցները: Հոռետեսական սցենարի դեպքում 22-րդ դարում բնակչության թիվը կկրճատվի ավելի քան մեկուկես անգամ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Թուրքիայի վիճակագրության բյուրոյի (TÜİK) կանխատեսման տվյալները:

Բնակչության աճը պահպանելու համար անհրաժեշտ է, որ ծնելիության գործակիցը լինի առնվազն 2,1 երեխա յուրաքանչյուր կնոջ հաշվարկով։ Սակայն 2014 թվականից ի վեր այդ ցուցանիշը Թուրքիայում անշեղորեն նվազել է և 2023 թվականին հասել է 1,51-ի։

Հիմնական սցենարի համաձայն, որը ենթադրում է ներկայիս ժողովրդագրական միտումների պահպանում, Թուրքիայի բնակչությունը, որը 2023 թվականին կազմել է 85,4 միլիոն մարդ, 2050 թվականին կհասնի 93,7 միլիոնի: Դրանից հետո անկում կսկսվի, և մինչև 2100 թվականը բնակչությունը կկրճատվի մինչև 77 միլիոնից կամ ավելի քիչ։ Թուրքիայի բնակիչներից ավելի քան երեք միլիոնը ներկայումս կազմում են սիրիացի միգրանտները։

Եթե ծնելիության բարձրացմանն ուղղված միջոցառումները հաջող լինեն, Թուրքիայի բնակչությունը մինչև 2056 թվականը կարող է գերազանցել 100 միլիոնը: Հոռետեսական սցենարով մինչև 2100 թվականը բնակչության թիվը կնվազի մինչև 55 միլիոն՝ 89 միլիոնի պիկին հասնելով 2044 թվականին:

Բյուրոն կանխատեսում է, որ 65 տարեկանից բարձր մարդկանց մասնաբաժինը կաճի ցանկացած պարագայում։ Ըստ հիմնական սցենարի՝ մինչև 2075 թվականը տարեց բնակչության մասնաբաժինը կհասնի 31,7%-ի: Մինչև 2100 թվականը աշխատունակ բնակչության մասնաբաժինը կկազմի մոտ 55% ՝ 2023 թվականի 69%-ի համեմատ։ Ենթադրվում է նաև, որ 2030-ականների առաջին կեսին տարեցների մասնաբաժինը կգերազանցի 15%-ը, ինչը կփակի ժողովրդագրական հնարավորությունների պատուհանը:

Տեսանյութեր

Լրահոս