«Սպասվում է էսկալացիա. ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Ռուսաստանը չօգնի Հայաստանին». Հայկ Խալաթյան

«VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի խորացման ֆոնին Ադրբեջանը շատ հմուտ քաղաքականություն է տանում Ռուսաստանում և փորձում է ուժեղացնել իր դիրքերը:

«Զախարովայի արած հայտարարությանը, թե պատրաստ են միջնորդական դեր խաղալ և ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, Ադրբեջանը միանգամից դրական պատասխանեց, բայց հենց նույն Ադրբեջանն է իր գործողություններով օգնել, որ բանակցությունները սկզբից գնան արևմտյան հարթակ, հետո արդեն երկկողմանի ֆորմատ: Ադրբեջանն իր քաղաքականությունն է տանում, նրան ձեռնտու է երկկողմանի ֆորմատը, բայց նա չի էլ փչացնում հարաբերությունները ՌԴ-ի հետ, և կարելի է ասել՝ ավելի վստահելի գործընկերոջ իմիջ է ստեղծում՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների: Նույն քաղաքականությունը Բաքուն տանում է Իրանի ուղղությամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Խալաթյանի խոսքով՝ Ռուսաստանում նյարդային են ընդունում, որ Հայաստանը, օրինակ, զենք է գնում Ֆրանսիայից, որովհետև զենքի գնման գործընթացը ՀՀ իշխանությունները զուգորդում են նաև հայ-ռուսական հարաբերությունների վերացման քաղաքականությամբ.

«Հիշում եք՝ ԱՄՆ հետ Հայաստանի զորավարժություններին ՌԴ արձագանքը. ի՞նչ է, Հայաստանում մինչ այդ չէ՞ր անցկացվել. անցկացվել էր, բայց այն ժամանակ, երբ Հայաստանն ԱՄՆ հետ զորավարժություններ էր անցկացնում կամ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ տարբեր խաղաղապահ առաքելությունների էր մասնակցում, մենք շատ ակտիվ դերակատարում ունեինք ՀԱՊԿ-ում, որևէ մեկը ՌԴ-ում կասկածի տակ չէր դնում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, և այդ ժամանակ այդ նույն գործողությունները շատ հանգիստ էին ընկալվում, որովհետև Հայաստանի դիրքորոշումը հասկանալի էր, Հայաստանը չէր խաղում որևէ մեկի դեմ: Եթե նույն իրավիճակն այժմ լիներ, Հայաստանը զենք գներ նաև Ֆրանսիայից, այդպիսի նյարդային արձագանք չէր լինի, հայկական կողմը կարող էր ասել՝ անվտանգային խնդիրներ ունենք, մեզ զենք է պետք, հասկանում ենք, որ դուք հիմա պատերազմի մեջ եք, մեզ զենք մատակարարելու ձեր հնարավորությունները սահմանափակ են»:

Կարդացեք նաև

Քաղաքական մեկնաբանը շեշտեց. «Հայաստանի իշխանությունները ճակատագրական սխալ են թույլ տվել, երբ թույլատրել են, որ Ադրբեջանի հետ բանակցությունները երկկողմանի ֆորմատ տարվեն:

ՀՀ իշխանությունները սկզբից օգնեցին Ադրբեջանին ՄԽ համանախագահների ձևաչափից հրաժարվել, հետո երկկողմանի ֆորմատ տանել: Ադրբեջանը շատ տրամաբանորեն է առաջնորդվում, ասում է՝ ինչ միջնորդ էլ լինի, գոնե ֆորմալ պարտավորություններ Ադրբեջանն էլ պետք է իր վրա վերցնի, միջնորդին պատասխան տա՝ ինչու այս կամ այն քայլը չի անում, դրա համար Ադրբեջանին շատ ձեռնտու է այս երկկողմանի ֆորմատը»:

Անդրադառնալով Հայաստանում հնչող գնահատականներին, թե ՌԴ-ն կախվածության մեջ է Թուրքիայից, և այլն, նա մատնանշեց Սիրիայի օրինակը.

«Ինչպե՞ս է լինում, որ Մոսկվան կարողանում է այս պարագայում Ասադի շահերը պաշտպանել, որն իր դաշնակիցն է, և արդեն Թուրքիայի նախագահը ստիպված է շատ զիջումների գնալ նույն Սիրիայի հարցում: Այն ժամանակ ասում էր՝ Ասադը պետք է գնա, հիմա արդեն պատրաստ է Ասադի հետ հանդիպել, բանակցություններ վարել: Իսկ ինչո՞ւ նույն Սիրիայում Ռուսաստանը չգնաց զիջումների, որովհետև նորմալ հարաբերություններ էին Ասադի և Պուտինի միջև, որոշակի վստահություն կար, այնպես չէ, որ այնտեղ էլ ամեն ինչում Դամասկոսի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, բայց երբ վստահություն կա, հասկանալի խաղ է գնում երկու կողմի միջև, դա տալիս է արդյունքներ:

Հայաստանում դեպքերն այնքան արագ են զարգանում, որ մարդիկ մոռանում են ամբողջական պրոցեսը. հիշո՞ւմ եք Վալդայան ակումբում Պուտինի հայտնի ելույթը, երբ ասաց, որ սեղանին կա արևմտյան տարբերակը և ռուսականը, արևմտյան տարբերակը նշանակում է՝ Արցախի կորուստ: Ի վերջո, Վլադիմիր Պուտինի ասածը ճիշտ չեղա՞վ»:

Հարցին՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանից որևէ օգնություն սպասե՞լ, նա պատասխանեց.

«Ներկայումս՝ ոչ, որովհետև ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ նույնիսկ, երբ լինեն ռազմական գործողություններ, այդպիսի օգնություն չլինի: Ավելին, էլի եմ ասում, Աստված տա սխալվեմ, բայց ես մտավախություն ունեմ, որ սպասվող էսկալացիան, որը կլինի կամ տարվա վերջ, կամ մյուս տարվա սկիզբ, մի նպատակ է ունենալու, որպեսզի օգնի Փաշինյանին վախեցնել ժողովրդին ավելի լայնամասշտաբ պատերազմով, և վախի շնորհիվ ՀՀ իշխանությունները կգնան բոլոր այն զիջումներին, որոնք այս պահին վախենում են իրականացնել առանց էսկալացիայի՝ հասկանալով, որ դա կարող է բերել լուրջ ներքաղաքական խնդիրների, նույնիսկ՝ իշխանափոխության Հայաստանում:

Տեսեք, եթե դու հասկանում ես, որ լինելու է պատերազմ, եթե Արևմուտքից որևէ մեկը ռեալ օգնություն չի խոստացել, ինչո՞ւ ես ավելի փչացնում հարաբերություններդ դաշնակցի հետ: Ստացվում է՝ քո նպատակն այնպիսին է, որ նույնիսկ պատերազմի կամ ռազմական գործողությունների դեպքում օգնելու ցանկություն չունենան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս