ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանում ընտրությունների դիտորդական առաքելություն է բացել
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար օգոստոսի 1-ին դիտորդական առաքելություն է բացել Բաքվում։ Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մամուլի ծառայությունը։
Դիտորդական առաքելությունը բացվել է Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հրավերով։ Առաքելության ղեկավարն է Դիտմիր Բուշատին։ Խմբի կազմում են 11 միջազգային փորձագետներ և 28 երկարաժամկետ դիտորդներ, որոնք Ադրբեջանում կտեղակայվեն օգոստոսի 8-ից։ ԺՀՄԻԳ-ը նաև նախատեսում է ներգրավել 280 կարճաժամկետ դիտորդների, որոնք կժամանեն ընտրություններից մի քանի օր առաջ։ Առաքելությունը կգնահատի ընտրությունների անցկացման ընթացքը և դրա համապատասխանությունը ԵԱՀԿ հանձնառություններին և ժողովրդավարական ընտրությունների անցկացման այլ միջազգային պարտավորություններին և չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը։ Մոնիթորինգի կենթարկվի նաև նախընտրական քարոզարշավի անցկացման գործընթացը, ընտրական հանձնաժողովների աշխատանքը, լուսաբանումը, կգնահատվի ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականների կատարումը։
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային 2024 թ. նոյեմբերին։ Հունիսին իշխող կուսակցության պատգամավորներն առաջարկեցին ցրել երկրի Ազգային ժողովը, քանի որ երկրում 2024 թ. նոյեմբերին նաև պետք է անցկացվի ՄԱԿ-ի COP29 կլիմայի փոփոխության գագաթնաժողովը։ Ե՛վ գագաթնաժողովի, և՛ ընտրությունների նորմալ անցկացման համար որոշում կայացվեց սեպտեմբերի 1-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։