Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը գործարք է կնքել ԱՄՆ դատախազության հետ
Խալիդ Շեյխ Մոհամմեդը, որին մեղադրում են 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա ալ-Քաիդայի իրականացրած հարվածները պլանավորելու մեջ, համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել՝ մահապատժի չենթարկվելու և փոխարենը ցմահ ազատազրկման դատապարտվելու դիմաց։ ԱՄՆ զինվորական դատախազության հետ նման համաձայնության են հասել նաև նրա երկու մեղսակիցները։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Շուրջ 3000 մարդու կյանք խլած ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող այս անձինք այս բոլոր տարիների ընթացքում պահվում էին Կուբայում՝ Գուանտանամոյում գտնվող ամերիկյան ռազմակայանում։ Խալիդ Շեյխ Մոհամմեդը ձերբակալվել է 2003 թվականին Պակիստանում։ Նրան 2008 թվականին մեղադրանք է ներկայացվել բազմաթիվ կետերով, այդ թվում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին 2976 մարդու սպանության համար, երբ մահապարտ ահաբեկիչների կողմից գրավված երկու ուղևորատար ինքնաթիռներ մխրճվել էին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների մեջ, մեկ այլ ինքնաթիռ՝ Պենտագոնի շենքին էր հարվածել, ևս մեկն էլ Փենսիլվանիայի նահանգում ընկել էր դաշտում։
Մեղադրյալների համար մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու մասին դատախազները տեղեկացրել են ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին՝ նամակի միջոցով, որից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել։
Խալիդ Շեյխ Մոհամմեդի և նրա երկու հանցակիցների գործի քննությունը մնացել էր մինչդատական վարույթների փուլում, որի ընթացքում վեճերը ծավալվել էին նախաքննության առաջին փուլերում մեղադրյալներին խոշտանգումների ենթարկելու շուրջ։ CNN-ը պարզաբանում է, որ մեղադրյալները ԿՀՎ-ի բանտերում 2000-ականների սկզբին ենթարկվել են խոշտանգումների, և քննիչների մոտ հարց էր առաջանում՝ արդյոք դատարանում թույլատրելի են ցուցմունքները, որոնք ձեռք են բերվել խոշտանգումների ազդեցության տակ։