Գերմանիայի նախագահը Վարշավայում ներողություն է խնդրել նացիստների գործողությունների համար
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն օգոստոսի 1-ին նշվող Վարշավայի ապստամբության 80-ամյակի նախօրյակին լեհերից ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիոնալ-սոցիալիստների կատարած հանցագործությունների համար։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Ես հենց այսօր և հենց այստեղ ներողություն եմ խնդրում»,- ասել է Գերմանիայի նախագահը Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հարյուրավոր ունկնդիրների և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ։
«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա, թե մենք՝ գերմանացիներս, անսահման ինչպիսի տառապանքներ ենք պատճառել հարևան երկրին, ինչ դաժանությամբ և ոչնչացման ինչպիսի ցանկությամբ են գերմանացի օկուպանտները գործել ողջ բնակչության նկատմամբ», – ընդգծել է Շտայնմայերը։
Ըստ Գերմանիայի նախագահի՝ նացիոնալ-սոցիալիստների իմպերիալիզմը և ռասիզմը հանգեցրել է «սարսափելի հանցագործությունների», որոնց դեմ էլ դուրս են եկել ապստամբության մասնակիցները: Նա հավելել է, որ անցյալից պետք է դաս քաղել ապագայի համար։