Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու համար կստեղծվի նոր ընկերություն
ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով կստեղծվի փակ բաժնետիրական ընկերություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ նախատեսվում է ՀԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի (ներառյալ դրա երկարաձգումները) ավարտից հետո գործող կայանի հարթակում փոխարինող հզորության էներգաբլոկ կառուցել՝ տնտեսական նպատակահարմարության դեպքում դիտարկելով նաև փոքր մոդուլյար ռեակտոր(ներ):
«Նոր ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power. No. NG-G-3.1 (Rev. 1) ուղեցույցի համաձայն»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Կազմակերպության կազմակերպական–իրավական ձևը և կադրերի հավաքագրումը կֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ընկերության ընդհանուր կառավարումը կիրականացնի լիազոր մարմինը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Կառավարության որոշմամբ` նոր կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև, որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը։ Կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:
Այնուհետև Ազգային ժողովի կողմից նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունը պետք է սկսի համալրվել համապատասխան կադրերով` հետագայում նոր կայանի կառուցումից հետո դառնալով կայանի շահագործողը: Անհրաժեշտ կլինի տարբեր ոլորտների` էլեկտրաէներգետիկա, միջուկային ֆիզիկա, բնապահպանություն, կրթություն, քաղաքաշինություն և այլն, բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետներով համալրված անձնակազմ:
Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե։ Ակնկալվում է, որ համապատասխան անձնակազմի համալրումից հետո 1,5–2 տարվա ընթացքում նոր կազմակերպությունը կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:
Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման ընկերության կառուցվածքը (հաստիքային միավորներ) և բյուջեն, ըստ նախնական գնահատականի` 2024թ. համար կկազմի 200 մլն դրամ։
Որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ այս ճանապարհով են անցել բոլոր այն երկրները, որոնք կառուցում են նոր միջուկային էներգաբլոկներ` Ռումինիա, Եգիպտոս, Թուրքիա, Բանգլադեշ և այլն։