Ավստրալիայի արտգործնախարարը կոչ է անում հայրենակիցներին անհապաղ հեռանալ Լիբանանից
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը Լիբանանում գտնվող ավստրալացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը: Նա տեսաուղերձ է տարածել X սոցիալական հարթակում:
«Իմ ուղերձն Ավստրալիայի քաղաքացիներին և լիբանանցիներին այն է, որ հիմա հեռանալու ժամանակն է…. Տարածաշրջանում հակամարտության լուրջ սրման վտանգ կա։ Անվտանգության իրավիճակը կարող է արագ վատթարանալ՝ առանց նախազգուշացման»,- ասվում է ուղերձում։
Վոնգը նշել է, որ դեռ որոշ կոմերցիոն չվերթեր գործում են, ուստի հարկավոր է հեռանալ։ Իսկ Լիբանան մեկնել պատրաստվող ավստրալացիներին նա խորհուրդ է տվել զերծ մնալ նման ուղևորությունից։ «Եթե իրավիճակը վատթարանա, Բեյրութի օդանավակայանը կարող է ամբողջությամբ փակվել։ Իսկ եթե դա տեղի ունենա, կառավարությունը, գուցե, չկարողանա տարհանել դեռևս Լիբանանում գտնվող ավստրալացիներին», – հավելել է նա։Ըստ արտգործնախարարի՝ Ավստրալիան «աշխատում է տարածաշրջանային գործընկերների հետ` հասնելու զսպվածության և լարվածության թուլացման»:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանեյեի և Բաղդադում «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Տարածաշրջանում շատերը դրա համար մեղադրել են Իսրայելին: Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան տալ Թեհրանում Հանիյեի սպանության համար։