Բաժիններ՝

Ի՞նչ պայմաններով կարող են 2022թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և պայմանագրային զինծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողները ձեռք բերել բնակարաններ

Հուլիսի 26-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում քննարկման է դրվել «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Քննարկումը կշարունակվի մինչև օգոստոսի 12-ը:

Ըստ այդմ՝ ծառայողական բնակարանների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ ծառայողական բնակարանը համարվում է կահավորված, եթե այն ապահովված է լվացարանով, զուգարանակոնքով, լոգախցիկի տակդիրով կամ խցիկով, ցնցուղով և ծորակներով, իսկ խոհանոցում՝ սննդամթերքի և խոհանոցային պարագաների պահպանման համար անհրաժեշտ պահարաններով, լվացարանի լրակազմով, սառցարանով և գազօջախով, իսկ շենքը կենտրոնացված ջեռուցման համակարգ չունենալու դեպքում՝ անհատական ջեռուցման համակարգով: Ընդ որում, ծառայողական բնակարանների կահավորման համար զինծառայողներին սույն ենթակետով նախատեսված գույքերի ձեռքբերման համար տրամադրվում է դրամական աջակցություն՝ 2.500.000 դրամի չափով, այդ գույքերի ձեռքբերման համար հսկիչ դրամարկղի կտրոնների (անհրաժեշտության դեպքում նաև այլ փաստաթղթերի) ներկայացման պարագայում:

Սույն որոշումը տարածվում է 2022թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

Կարդացեք նաև

Ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները մինչև 3-րդ կուրս տեղափոխվելը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն  են ներկայացնում հայտ՝ առաջնային շուկայից ծառայողական բնակարան կամ ծառայողական բնակարանի գնման իրավունք (Ցեսիա) կամ երկրորդային շուկայից ծառայողական բնակարան ձեռք բերելու վերաբերյալ՝ հայտով ներկայացնելով նաև բնակարանի հասցեն, հարկը, համարը և մակերեսը: Ընդ որում, երկրորդային շուկայից բնակարան կարող է ձեռք բերվել, եթե հայտը ներկայացնելու օրվա դրությամբ այդ բնակարանը գտնվում է այնպիսի շենքում, որի ավարտական ակտը տրամադրվել է հայտի ներկայացման պահից առավելագույնը 5 տարի առաջ:

2022 թվականին ռազմաուսումնական հաստատություն ընդունված կուրսանտները սույն կետում նշված հայտը ներկայացնում են մինչև 2024 թ. ավարտը:

Եթե մինչև նշված ժամկետը կուրսանտի կողմից չի ներկայացվում բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման հայտ, ապա երրորդ կուրս տեղափոխվելուց հետո եռամսյա ժամկետում, իսկ 2022 թ. ռազմաուսումնական հաստատություն ընդունված կուրսանտների դեպքում՝ մինչև 2025 թ. մարտի 31-ը կուրսանտը ծառայողական բնակարանի ընտրությունն իրականացնում է նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված կառուցապատող ընկերությունների ցանկում գրանցված ընկերությունների կողմից առաջարկվող բնակարաններից:

Եթե կուրսանտի կողմից բնակարանի ընտրությունը չի իրականացվում սույն կարգի 4-րդ կետում նշված ժամանակահատվածում, ապա ծառայողական բնակարանի ընտրությունը կատարվում է ցանկում ներառված բնակարաններից՝ վիճակահանությամբ: Ընդ որում,  վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զինծառայողների թվին համապատասխանող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրում նշվում է մեկ բնակարանի հասցեն, բնակարանի հարկը և համարը:

Ձեռք բերվող բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման դիմաց նախարարության կողմից վճարման ենթակա բնակարանի մակերեսի 1 քմ-ի առավելագույն գինը սահմանվում է «Մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում առաջարկվող վերջին ծրագրի 1 քմ-ի գինը:

Եթե կուրսանտի կողմից առկա է ցանկություն ձեռք բերել ավելի մեծ մակերեսով կամ ավելի թանկ բնակարան, ապա իր կողմից ավելացվում է ձեռքբերման գնի և սույն կարգի 11-րդ կետում նշված գնի տարբերությունը, որը հետագայում չի վերադարձվում նախարարության կողմից, եթե դադարում է հատկացված ծառայողական բնակարանի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը, կամ կուրսանտը դուրս է մնում ռազմաուսումնական հաստատությունից:

Բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման նպատակով կնքվող պայմանագրով կարող է նախատեսվել, որ դրա շրջանակներում վճարումները կարող են իրականացվել տարաժամկետ վճարման պայմանով՝ բանկային համակարգի միջոցով: Ընդ որում, սույն կետով նախատեսված վճարման պայմանը կարող է նախատեսվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Նախագծի ընդունումը ռազմաուսումնական հաստատությունների առնվազն քառամյա կրթական ծրագրի շրջանակներում սկսած 2026 թ. և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի տարեկան չափը կարող է առավելագույնը կազմել 13-14 մլրդ դրամ:

 

Տեսանյութեր

Լրահոս