«Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ դեռ 44-օրյա պատերազմից հետո էր պարզ, որ պատերազմն ավարտված չէ, և Հայաստանի իշխանությունների կողմից շարունակվելու է պարտության փուլը:

«Պատերազմը թևակոխել է մեկ այլ փուլ: Ադրբեջանի պահանջները շարունակվեցին և Ադրբեջանի ամեն փոքր պահանջը կատարելուց հետո ավելի մեծ պահանջներ դրվեցին: Այդպես էլ պետք է լիներ, Ադրբեջանը բավականին երկար էր սպասել նման հնարավորության, և, բնականաբար, բաց չէր թողնելու դա»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Այն ամենը, ինչ կապված է Արցախ բառի հետ, որը որևէ կերպ այս իշխանություններն այլևս չեն արտաբերում, բնականաբար, չի կարող որպես պահանջ ձևակերպվել, նույնիսկ, եթե դա հումանիտար խնդիր է: Արցախի հարցը փակելը նրանց պայմանավորվածության առաջին փուլի ավարտն է: Այսօր Արցախն օկուպացված է թշնամու կողմից՝ առանց հայերի»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Ալիևի պնդմանը, թե Արցախում հայեր կան, և այդ հիմքով էլ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, նա նշեց, որ իր տեղեկություններով՝ Արցախում գտնվող հայերը նույնիսկ մեկ տասնյակ չեն.

Կարդացեք նաև

«Իրենք ընտրել էին այն ճանապարհը, որի մասին խոսել էր 150 հազար հայերի համար Հայաստանի ներկայիս վարչապետը՝ ասելով, թե պետք է լինի համակեցություն: Փաստորեն, 150 հազար հայերից ընդամենը մի քանի հոգի ընդունեցին այդ առաջարկը: Դա Արցախի ժողովրդի ընտրությունը չէ, Արցախի ժողովուրդը ցավալի որոշում կայացրեց, որովհետև կա՛մ մեր ու մանուկ կոտորվում էին և տեղի էր ունենում իրական ցեղասպանություն՝ մինչև վերջ, կա՛մ փրկվում էին, որպեսզի հետագայում կարողանային պայքարել Արցախի համար, ինչն էլ տեղի ունեցավ:

Ի՞նչ կապ ունի Արցախի հարցը, Արցախում բնակվող ժողովուրդը 1988 թվականին այստեղից գնացած ադրբեջանցիների հետ: Դա որևէ կապ չունի: Ադրբեջանցիները բռնի տեղահանվածներ չեն կարող համարվել, որովհետև այդ ժամանակ Բաքվում, Սումգայիթում հայերը կոտորվել, մորթվել, վտարվել են, իսկ Հայաստանից հանգիստ նրանց ժամանակ է տրվել, որևէ մեկը նրանց չի վտարել, ուղղակի ստեղծված իրավիճակում գտել են, որ անհնար է ապրել այստեղ: Ադրբեջանում նույնիսկ հայերին որոշում կայացնելու հնարավորություն չի տրվել: Մարդիկ կան, փաստերը կան, ՀՀ իշխանությունները չեն խոսում այդ մասին, որովհետև դեռևս 2018-ին այս իշխանությունները խոսում էին Ադրբեջանի հետ համակեցության մասին: Հիմա ինչպե՞ս պետք է հակառակվեն, եթե այդ ծրագրի մի մասնիկն են: Գոնե Արցախի նախադեպը կա՝ պատկերացնելու համար, որ ադրբեջանցու հետ անգամ փշալարից այն կողմ չես կարող ապրել, որովհետև ինքը պարզապես կրակում է խաղաղ բնակչի վրա»:

Հարցին՝ ինչո՞ւ է Ալիևն այդքան անհանգիստ ԵԱՀԿ ՄԽ գոյությամբ, ինչո՞ւ է փորձում ամեն կերպ հասնել դրա լուծարմանը, նա պատասխանեց. «Ժամանակի խնդիր կա: Տեսնում եք՝ ինչ է կատարվում աշխարհում, քաղաքագետները քննարկում են ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները, որը կարող է աշխարհաքաղաքական կուրսը ամբողջովին փոխել, և այս իրավիճակում բնական է, որ բոլորը շտապում են՝ իրենց շահը ժամ առաջ գրանցել:

Դա տեղի չի ունենում Հայաստանում. Հայաստանում արձակուրդ է, ցոփ ու շվայտ կյանք է, բայց Ադրբեջանը հաստատուն քայլերով գնում է իր ձեռք բերածն ամրագրելու, փաստաթղթային ձևով վավերացնելու: Հասկանալի է, որ ՄԽ ձևաչափն ավելի խորն է, միակ ձևաչափն է եղել, որտեղ Արևմուտքն ու Ռուսաստանը կոնսենսուսային որոշում են կայացրել, միասին նստել են քննարկման: Այդ ձևաչափը կարող է ցանկացած պահի վերականգնվել, բանակցային գործընթացը շարունակվել: Դա կարող է տեղի ունենալ ոչ այս իշխանությունների գոյության պարագայում: Ադրբեջանն ու ամբողջ աշխարհը տեսնում են՝ ինչ խմորումներ են տեղի ունենում Հայաստանում: Ինչքան էլ այս իշխանությունները փորձեն ցույց տալ, որ որևէ բան տեղի չի ունենում, և իրենք վայելում են ամառային հանգիստը, միևնույն է՝ իրենց իշխանությունը սասանված է:

Սասանված է՝ պայմանավորված «Սրբազան պայքարով», հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձություններով, երբ ակնհայտ այս իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա: «Սրբազան պայքարի» այս երկրորդ փուլը միգուցե բուռն չէ, հանրության համար ավելի տեսանելի չէ, այն բավականին լուրջ պրոցեսում է, և կարող է բավականին մեծ հաջողություն գրանցել՝ այս իշխանությունների հեռացմամբ: Հետևաբար, այստեղ բնական է Ադրբեջանի շտապողականությունը»:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունների պահվածքից կարելի է գուշակել, թե ինչ է սպասվում. «Արդեն օրինաչափ է դարձել եկող աղետից առաջ իրենց անհոգ կյանքի ցուցադրությունը՝ հեծանիվ քշել, հանգստանալ: Յուրաքանչյուր աղետից առաջ նման պահվածք կա այս իշխանության կողմից: Մյուս կողմից՝ կա կոստյումներ հագած ադրբեջանական կողմ, որն ամենայն լրջությամբ պատրաստվում է ինչ-որ գործընթացների, նրանց սատարում են իրենց դաշնակից և բարեկամ երկրները, որոնցից այս պահին զրկված է Հայաստանը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս