«Օլիմպիականները. Փարիզ-2024». ինձ համար լողը նման է կնոջ. Արթուր Բարսեղյան
Հայաստանի լողի հավաքականը երկու ներկայացուցիչ կունենա Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Երկուսն էլ մասնակցում են իրենց երկրորդ խաղերին: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը կներկայացնի Արթուր Բարսեղյանը: Վերջինիս հետ մեր հանդիպումը կայացավ Reebok մարզահամալիրում, որտեղ մարզվում է լողի հավաքականի հիմնական մասը: Բարսեղյանի համար այս խաղերը երկրորդն են պրոֆեսիոնալ կարիերայում: «Արմենպրես»-ի հատուկ նախագծի` «Օլիմպիականները. Փարիզ-2024»-ի շրջանակների հաջորդ և վերջին հերոսը հենց Արթուր Բարսեղյանն է:
Արթուր Բարսեղյան
Լողորդ (ազատ ոճ)
22 տարեկան
Զինվորական խաղերի չեմպիոն
Բուլղարիայի բաց առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր
Փարիզ-2024-ն երկրորդ Օլիմպիական խաղերն են
Մրցումային օրը` հուլիսի 30
-Արթուր, ինչպիսի՞նն է մարզիկի առօրյան:
-Առօրյայում ամենակարևորն ուտելիքն է: Առավոտյան արթնանալուն պես մարզվում եմ: Այնուհետ՝ վերադարձ տուն, կրկին ուտել, հանգիստ առնել ու վերադառնալ երկրորդ մարզմանը: -Արդյո՞ք այս կրկնվող մարզումային շրջանը չի հոգնեցնում և ինչպե՞ս եք գտնում նորից մարզվելու «կայծը»:
-Եթե անկեղծ, այդ կայծն արդեն իսկ չկա: Այս Օլիմպիական խաղերից հետո գալու է մի կետ, որտեղ ուզում եմ հանգիստ վերցնել: Այն կարող է լինել շատ երկար կամ կարող է միջին երկարության լինել: Ֆինանսական խնդիրները շատ են: Իմ պարագայում առկա է ֆինանսական խնդիր, որի լուծումը սպորտը կիսատ թողնելն է: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ լողին: Իմ կյանքում եղել է միայն լողը և այլ բան չի եղել, գուցե ինչ-որ հոբիներ էլ կային, բայց միշտ լողն է եղել: Այս խնդիրը միայն Հայաստանում չէ, սա համաշխարհային սպորտում պրոֆեսիոնալ մարզիկների խնդիրն էլ է: Մենք չունենք մասնագիտություն: Հայկական սպորտում միայն գուցե Արսեն Ջուլֆալակյանն է, որ ըմբշամարտից զատ նաև հիմնական կրթություն ունի: Սպորտը թմրանյութի պես բան է: Դու միշտ կախվածություն ունես նրանից: Պրոֆեսիոնալ սպորտը ոչնչացնում է առողջությունը:
-Սա ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն են: Ինքներդ էլ շատ մոտ էիք ուղեգիր նվաճելուն, բայց կմասնակցեք «սպիտակ քարտով»: Ի՞նչ եք ուզում ստանալ այս խաղերից:
-Մոտ մեկ տարի Հայաստանում չէի, Ֆրանսիայում էի, մարզումներս էլ անցկացրի այնտեղ: Միտք ունեի, որ մարզիչս, ում հետ աշխատում էի այնտեղ, ինձ կհասցնի օլիմպիական ուղեգրի: Բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Չեմ մեղադրում ոչ մարզչին, ոչ ինձ: Բայց կային նուրբ պահեր, որոնց պետք է հետևեր Հայաստանի լողի ֆեդերացիան, մարզիչները, որոնք չարվեցին:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերից անցել է 3 տարի: Ի՞նչ են տվել այդ Խաղերը ձեզ:
-Առավել մեծ էֆեկտ ստացել եմ այս Օլիմպիական խաղերի նախապատրաստվելու ժամանակ: Երբ մրցաշարի մասնակցության վարկանիշ ես ունենում, քեզ բարձրակարգ մարզիկների շարքին ես դասում: Բայց այս խաղերին չկարողանալով ուղեգիր նվաճել, այդ ժամանակ ես հասկանում Օլիմպիական խաղերի ամբողջ էությունը: Որքանով որ կարող ես հաջողել, նույնքան էլ կարող են տապալել: Ինձ համար Օլիմպիական խաղերը զուտ փուլային մրցաշարեր են:
-Հիշում եմ մեր նախորդ զրույցը Տոկիոյի նախագծի շրջանակներում: Ինչպիսի՞նն էիք Դուք այն խաղերին և ի՞նչ է փոխվել այժմ:
-Այն ժամանակ կարծես ինչ-որ չափով անհոգ էի: Առավել հեշտ ու մեղմ էի պատկերացնում կյանքը: Բայց գնալով հասկանում եմ, թե դժվարություններն ինչ գույներ են տալիս կյանքին: Եվ այդ գույները հիմնականում սև են, սպիտակ ու մոխրագույն: Միայն այդ ժամանակ ես հասկանում, որ դու ինքդ ես գույն տալիս կյանքին:
-Այդ դեպքում ի՞նչն է մոտիվացնում Ձեզ:
-Ինձ մոտիվացնում էր ծնողներիս` զավակին հաջողած տեսնելու քաղցը: Բայց հիմա մտքումս այն է, թե երբ հեռանամ սպորտից, ինչով եմ զբաղվելու: Բայց նաև ուզում եմ մնալ սպորտում` փորձելով հետ բերել մոտիվացիաս: Եվ եթե անկեղծ, հիմա ոչ կյանքի, ոչ սպորտի հանդեպ մոտիվացիա չունեմ:
-Նախորդ զրույցներն ուսումնասիրելիս կարդացի Ձեզ պատկանող այս միտքը. «Մենք ազատ ենք այնքանով, քանի դեռ ապրում ենք»: Դեռ հավատարի՞մ եք Ձեր այս մտքին:
-Միշտ, միշտ հավատարիմ եմ մնալու: Մեր ապրելակերպից է գալիս մեր ազատությունը: Մտքի ուժի կշիռը հնարավոր է հազարավոր տոննաներ լինել և հենց այդ միտքը կարող է քեզ այնպես ճզմել, որ չկարողանաս անգամ շարժվել: Բայց նույն հաջողությամբ այն կարող է անգամ քաշ չունենալ:
-Ո՞րն է լողի գեղեցկությունը ձեզ համար:
-Ինձ համար լողը նման է կնոջ: Միշտ նրանց ընդհանրացրել եմ իրար հետ: Այն շատ հաճելի է, քաղցր է, հետաքրքիր է և պիտանի:
-Սպորտային մի իրադարձություն կա՞, որը կցանկանայիք վերապրել:
-Կուզեի հետ գնալով հասնել մինչև 2018 թվական, Բուենոս Այրես, որտեղ կայացան պատանեկան Օլիմպիական խաղերը, որտեղ գրավեցի 7-րդ հորիզոնականը:
-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը՝ «Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…»
-… կամ վերջին Խաղերը, կամ նոր սպորտային կյանքի սկիզբ: