Ի՞նչ է տեղի ունենում Երևանի հետ, երբ լարվում են Փաշինյանի ու հերթական քաղաքապետի հարաբերությունները. ինքնախոստովանություն՝ ըստ ՔՊ-ի
Հուլիսի 11-ին Երևանի՝ մի կերպ քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում ավետեց՝ «Մենք շարունակում ենք կյանքի կոչել երևանցիների համար առավել հարմարավետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականությունը»:
«Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ:
Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը»,- գրել էր Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում ու տեսանյութ հրապարակել նոր ավտոբուսների նոր խմբաքանակի մասին:
Ինչպես հետո պիտի պարզվեր, նոր ավտոբուսները բոլորովին էլ նոր չէին մակնիշի առումով, այլ վատ մոռացված հինը՝ չինական «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները, միայն թե կապույտի փոխարեն՝ կանաչ ներկված, ճիշտ այնպես, ինչպես գերմանական «MAN»-երը:
Նոր ավտոբուսների խմբաքանակը զննած իրազեկները հիշեցին Հայկ Մարությանի քաղաքապետության ժամանակների սկանդալային պատմությունը, երբ վերջինս տառացիորեն հատ առ հատ ավագանիում «Իմ քայլը» խմբակցության անդամներին խնդրել էր, որ գան ու կողմ քվեարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսների ձեռքբերման համար, որպեսզի մայրաքաղաքի տրանսպորտի աղետալի վիճակը փոքր-ինչ թեթևանա:
Այն ժամանակ, ինչպես և այժմ, «ՔՊ»-ն, Նիկոլ Փաշինյանի ուղիղ կառավարման տակ գտնվող «Իմ քայլը» խմբակցությունը մի կերպ հավաքվեց, և թերևս միայն ավագանու՝ Հայկ Մարությանի աջակից անդամների 32 կողմ ձայնով 161 «Ժոնգ Թոնգ»-երը հասան Հայաստան:
2021թ. իմքայլականներն իրենց սաբոտաժը պայմանավորում էին նրանով, որ չինական ավտոբուսների որակը լավը չէ: Թե ինչպես եղավ, որ դրանց որակը հանկարծ լավը դարձավ 2024թ., բացահայտում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում:
«Երբ քաղաքապետի և ավագանու անդամների միջև կապը խզվում է, այսինքն նույն տրամաբանությամբ, ինչպես վարչապետի և կառավարության անդամների, կամ Ազգային ժողովի ղեկավարի կամ պատգամավորների միջև, իսկ էս դեպքում հենց օրինակը շատ ավելի նման է Ազգային ժողովին, քանի որ ավագանին օրենսդիր մարմին է, խնդիրը խորացավ, և եղավ այն, ինչ որ եղավ»,- շատ հանգիստ իրենց 3 տարի առաջվա սաբոտաժի պատճառը բացատրեց ՔՊ-ական Լուսինե Գևորգյանը:
Այսինքն՝ Երևանի ավագանու կառավարող խմբակցության անդամը հայտարարում է, որ իրենք սուտ են խոսել, և երևանցիների շահը ստորադասել են իրենց նեղ խմբային շահերին, և ոչ ոք դրանով չի զբաղվում: Միլիոնանոց քաղաքը փաստացի պատանդ է դարձել Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության հակամարտության ձեռքում, և ավագանու ՔՊ-ական անդամը դրա մասին ասում է՝ որպես մի շատ նորմալ երևույթի:
Հիմա հետաքրքիր է, իսկ հնարավո՞ր է, որ հիմա, երբ Երևանը վերածվել է մի հսկայական աղբավայրի, իրավիճակը կրկնվում է, բայց արդեն իսկ սլաքների՝ երկուստեք ուղղմամբ միմյանց ուղղությամբ:
Մայրաքաղաքի փողոցներն ու բակերը խոզանոց են հիշեցնում, աղբն ամառվա այս շոգին օրերով չի տարվում, գարշահոտությունը տարածվում է ամենուր, և ոչ ոք մատը մատին չի տալիս իրավիճակը շտկելու համար:
Երևանում ամռան այս տապին այս պատկերն է ամենուր, ու ակամայից հարց է առաջանում՝ հիմա ո՞վ է ո՞ւմ փուռը տալիս, Ավինյանը՝ Փաշինյանի՞ն, թե՞ ուղիղ հակառակը, և երևանցին հիմա էլ հայտնվել է Փաշինյան-Ավինյան ներթիմային «ռազբորկաների» թիրախում:
Ուշագրավ է, որ այս համատեքստում կառավարությունը բավականին պատկառելի գումար տվեց Երևանում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար, ու ըստ ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանի՝ Նիկոլ Փաշինյանն այդ գումարը չէր կարող չտալ, որովհետև Երևանի ասֆալտը կտրաքեր, իսկ դրա հետևանքներն ինքն իր մաշկի վրա ավելի վատ կզգար, քան Տիգրան Ավինյանը: