Հայրենիքը հանձնելուց չի ամաչում, Բեռլինում ֆուտբոլ նայելո՞ւց պետք է ամաչի. Արմեն Աշոտյան
5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Կարինե Մեսրոպյանը նրան հարցրել է.
«Նիկոլը և իր կինը զբաղված են կեղծ փիարով: Բեռլինում զբոսնում են, հեծանիվ են քշում։ Ի՞նչ նպատակ է սա հետապնդում»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Ես այս հարցում Նիկոլին չեմ մեղադրում։ Նա վաղուց հանել է իր դիմակը և իր ողջ ցինիկության մեջ շատ բաց և ուղիղ է խաղում։ Որքան էլ դաժան է հնչում, բայց եթե այսքանից հետո նա դեռ վարչապետ է, ապա հեծանիվ-Բեռլին-ֆուտբոլն ի՞նչ է, որ իրեն կաշկանդի, կամ ինքը դրանից ամաչի։ Հայրենիքը հանձնելուց չի ամաչում, Բեռլինում ֆուտբոլ նայելո՞ւց պետք է ամաչի։
Նա այնտեղ է մեկնել իր ժողովրդի հաշվին՝ ոչ միայն պետական միջոցների իմաստով, այլև՝ հայերի ինքնասիրության իմաստով։ Նիկոլն այսքան «դուխով» շրջագայում է, որովհետև մենք՝ հայերս, հնազանդ թույլ ենք տալիս։ Ուստի չզարմանաք, եթե այս տեմպերով Փաշինյանը Ռիո դը Ժանեյրոյի քաղաքապետի հրավերով մեկնի մի օր էլ բրազիլական կառնավալի, կամ ճապոնական հրավերով՝ սակուրայի փառատոնի, կամ Ալիևի հրավերով՝ Բաքվում «Ֆորմուլա 1-ի» էտապի։
Սովորաբար ասում են, որ ամեն ժողովուրդ ունի այն իշխանությունը, որին արժանի է։ Հայ ժողովուրդն արժանի չէ այս ճակատագրին, բայց ապացուցել դա դեռևս չի հաջողվում»։
Մանրամասները՝ տեսանյութում: