ՀՀ իշխանությունների կողմից ՀՀ հիմնական ռազմավարական շահի սպասարկումից հրաժարվելը ստեղծեց որակապես նոր իրավիճակ. էդուարդ Աբրահամյան

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԱՐՑ։ 2020-2023 թվականներին արդյոք իրավիճակը Արցախում քաղաքական և սոցիալական ասպեկտներով կարելի է սկզբունքորեն նոր համարել: Արդյո՞ք առկա էին Արցախի պատմության և նրա բնակիչների համար նման ողբերգական ավարտի /փաստացի այն, ինչ տեղի ունեցավ/ նախադրյալներ:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո, Արցախի շուրջ 2020 թվականի Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սկզբունքորեն ստեղծել էր նոր իրավիճակ։ Առաջին անգամ, նոյեմբերի 10-ի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հանդես եկավ որպես կոնֆիլտի մաս, այլ նաև կոնֆլիկտի պատճառ՝ միակողմանի հանձնելով Արցախի ինքնահռչակ հանրապետության մի շարք տարաշքներ, այդ թվում Շահումյան-Քարվաճառի, Ակնայի, Քաշաթաղի շրջանները՝ որպես պատերազմում ռազմական պարտության հետևանք։
Այո, դրանից սկսած ձևավորվեցին Արցախի պատմության և նրա բնակիչների համար նման ողբերգական ավարտի նախադրյալներ, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսեցին միակողմանիորեն ընդունել Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններն ու խաղի կանոնները․ երկկողմ «խաղաղության պայմանագրի» (դուրս թողնելով Արցախը որպես կոնֆլիկտի կողմ) շուրջ բանակցություններ, Լեռնային Ղարաբաղի հայության և վերջինիս կարգավիճակի խնդրի տարանջանում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, ԽՍՀՄ ադմինիստրատիվ-տարածքային բաժանումը որպես երկու երկրների միջև սահամազատման և սահմանագծման օրակարգ, Լեռնային Ղարաբաղի ճանաչում որպես Ադրբեջանի անբաժանելի մաս՝ տարածքային ամբողջականության շրջանակներում, հայկական զինված ուժերի դուրս բերում և Ադրբեջանի ներքին գործերին չմիջապտելու օրակարգ, կոմունիկացիաների բացում և անխափան կապի ապարովում «Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանների» Նախիջևանի հետ, և այլն։

Այս զարգացումները բերեցին ներկայիս իշխանությունների գլխավորած Հայաստանի Հանրապետության, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի, իր անկախության պատմության մեջ առաջին անգամ, իր կարևոր ռազմավարական շահի սպասարկումից հրաժարվելուն (կամ դավաճանելուն)։ Այն է՝ Արցախի որպես քաղաքական միավորի, և Արցախի ժողովրդի որպես բնիկ էթնո-քաղաքական միավորի, նրա անվտանգության, ընտրած զարգացման ուղու միջազգային արենայում երաշխավորի ու աջակցի գործառույթից ու պարտավորվածությունից հրաժարվելուն։ Այս ռազմվարական շահի սպասարկումը ենթադրում էր Հայաստանի Հանրապետության կողմից հստակ պարտովորվածությունների ստանձնում և պատշաճ կատարում՝ համաձայն 1990 թ․ ՀՀ Անկախության հռչակագրի, որպես ՀՀ Սահմանադրության և պետականության լեգիտիմության հիմնասյունի, 1992 թ․ ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմանը, 2007թ․ ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարությանը, 2007թ․ՀՀ Զինված Ուժերի Դոկտրինի, 2020թ․ ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարության, և գրեթե բոլոր կառավարությունների ծրագրերի։ Ավելին, 2020թ․սեպտեմբերի 27ի Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության մասին որոծումը նույնպես բխում էր Հայաստանի Հանրապետության կողմից իր հիմնական ռազմավարական շահի սպասարկման պարտավորվածությունից, ինչն էլ նշված է ռազմական դրության որոշման հիմնավորման մեջ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից որպես «օկուպացված» վերոնշված տարածքների պաշտոնական հանձնումը, Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս, վերջ դրեց Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի վիճարկումը հիմնավորող քաղաքական նարրատիվին (ճշմարտության հայկական ինտերպրիտացիային): Ճշմարտության հայկական մեկնաբանության հետևյալ թեզերից էին․ Լեռնային Ղարաբաղի բռնի միացումը Սովետական Ադրբեջանին անարդար և անիրավական գործողության արդյունք է; արցախահայությունը, ինչպես և ողջ հայությունը 1989-1992թթ. ուներ խորհրդա-արբեջանական ագրեսիայից ինքնապաշտպանվելու իրավունք, ինչից էլ բխեցվում էր ինքնորոշման իրավունքը, Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

Առնվազն Պրահայում 2022ի հոկտեմբերի 6-ին ընդունված հայտարարությունից սկսած Հայաստանի Հանրապետության իշխանությունները ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց հիմնախնդրի ճշմարտության հայկական մեկնաբանությունից և ընդունեց ճշմարտության ադրբեջանական վերսիան՝ առաջին անգամ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես անկախ Ադրբեջանի մաս, հետևաբար՝ Ադրբեջանի ներքին գործերին չխառնվելու պարտավորվածությամբ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության հիմնական ռազմավարական շահի սպասարկումից հրաժարվելը ստեղծեց որակապես նոր իրավիճակ։ Հայաստանի Հարապետությունը հրաժարվեց միջազգային հարաբերություններում իր կարևոր ինքնություն-դերից որպես միջազգային հարաբերություններում ղարաբաղյան հիմնախնդրի վիճարկող-բենեֆիցիար միակ կողմի՝ ստեղծելով իրավիճակ, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը որպես էթնո-քաղաքական տարածք և միավոր այլևս վիճարկելի չէ որևէ միջազգային հարաբերությունների սուբյեկտի կողմից։

Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վերջինիս աներկբա Ադրբեջանի մաս ճանաչելը, միջազգային հարաբերությունների տեսանկյունից տվեց Ադրբեջանին լեգիտիմ իրավունք արդեն իսկ միջազգայնորեն չվիճարկվող հայտարարված տարածքի կիրառել ուժ՝ սահմանադրական կարգ հաստատելու նպատակով»։

Տեսանյութեր

Լրահոս