Բաժիններ՝

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Երկրորդ տարին անընդմեջ Կապանում տեղի  է ունենում երաժշտական միջազգային փառատոն, որի արձագանքները սպասվածից ավելին են: Մասնագետներն այն համարում են կայացած երևույթ մեր մշակութային կյանքում, ինչը պատիվ և համբավ է բերում մեր երկրին ու նրա երաժշտասեր հանրությանը:

Փառատոնի կայացման գործում մեծ ներդրում ունի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը: Ծագումով կապանցի 35-ամյա մաեստրոն ծնվել է երաժիշտների ընտանիքում, ավագ եղբայրը՝ Հրաչյա Ավանեսյանը, հայտնի ջութակահար է, Եհուդի Մենուհին և Կառլ Նիլսեն մրցույթների առաջին մրցանակակիր, փայլուն ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրների հանրահայտ նվագախմբերի հետ: Արժանացել է նաև BBC-ի «Տարվա լավագույն կամերային երաժշտության ձայնագրություն» մրցանակին: Ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, այնուհետև կատարելագործվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Այժմ Լոնդոնի և Փարիզի կոնսերվատորիաների պրոֆեսոր է: Հրաչյա Ավանեսյանը նվագում է 1864 թվականի Ջ. Բ. Վիլյոմ ջութակով:

Ավանեսյանների ընտանիքը Բելգիա է տեղափոխվել 2004 թվականին: Սևակն իր հերթին եղել է Բելգիայի Ազգային նվագախմբի թավջութակահարների խմբի կոնցերտմայստերը, հանդիսանում է Իզայիի անվան մրցույթի, Triomphe de l’Art և ՀԲԸՄ-ի մրցույթների ժյուրիի մշտական անդամ: Միջազգային փառատոնների դափնեկիր է, մասնավորապես հաղթող է ճանաչվել Լյուքսեմբուրգի «Young Soloists», «Lions Club European Competition» և այլ մրցույթներում: Արժանացել է նաև Բելգիայի երաժշտական քննադատների «Golden Lable» և «Belgische Strichting Roeping» մրցանակներին: Նա նույնպես ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան՝ լինելով ամենաերիտասարդ շրջանավարտը, քանի որ ընդունվել էր 14 տարեկանում: Այնուհետև կատարելագործվել է Բեռլինում: Որպես մենակատար հանդես է եկել տարբեր երկրների հանրահայտ նվագախմբերի հետ՝ համագործակցելով հայտնի դիրիժորներ Հանս Գրաֆի, Հյու Վոլֆի, Անդրեյ Բորեյկոյի հետ: 2016 թվականին կայացավ Գոմես Շահբազյանի «Rhythm & Intervals» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Սևակ Ավանեսյանին: Ֆիլմը մրցանակներ է շահել մի քանի փառատոններում: Մեծանուն երաժիշտը քսան տարի նվագել է 1689 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակի վրա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սևակ Ավանեսյանը նշեց, որ կապանյան փառատոնն ավելի շատ երևույթի մասին է, առավելապես ձգտել է իրեն դնել երկրորդ պլանում, քանի որ դա առաջին հերթին թիմային մեծ աշխատանքի արդյունք է, ինչին հասել են հիասքանչ մարդկանց համատեղ ջանքերի շնորհիվ:

«Քանի որ նման փառատոն Հայաստանում երբևէ չէր անցկացվել, ուստի միշտ երազում էինք մեկ օր այն դարձնել իրականություն: Շատ հաճախ եմ շփվում ամբողջ աշխարհում հայտնի մեր հայրենակից երաժիշտների հետ: Ամեն անգամ հանդիպելիս քննարկում էինք նույն հարցը, թե ինչու Հայաստանում նման փառատոններ չեն կազմակերպվում: Երբ այցելեցի Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճ, հասկացա, որ հենց այդտեղ էլ պետք է կազմակերպենք երաժշտական մեծ միջոցառում: Հանդիպեցի համայնքապետ Գևորգ Փարսյանն հետ և հինգ րոպեի ընթացում որոշեցինք մեր բոլոր ընկերների և հովանավորների ջանքերը համատեղելով՝ հասնել արդյունքի»,-մանրամասնեց անվանի ջութակահարը:

Նա հավելեց, որ մեծանուն երաժիշտներին Հայաստան բերելու հիմքում նախևառաջ անձնական կապերն են: Թեև նրանք Ավանեսյանի մտերիմ ընկերներն են, բայցևայնպես ժամանել են հանուն երաժշտության ու գաղափարի՝ սիրելով Հայաստանը և հայերին: Շատերն ունեն հայ ընկերներ, հարևաններ և միշտ երազել են այցելել մեր երկիր:

«Նման միջոցառումների կազմակերպումը շատ դժվար է, կապված է մեծ ֆինանսների հետ: Չնայած հոգնեցուցիչ ճամփորդությանը՝ հյուրերը չտրտնջացին: Ավելին, նրանց առաջին տպավորությունները խոսքերով անհնար է նկարագրել: Անվանի երաժիշտներն ուղղակի երջանիկ էին և վայելում էին ժամանակը Կապանում: Աշխարհահռչակ այս վարպետներին հնարավոր չէ զարմացնել փողով կամ շռայլությամբ, բայց միայն գաղափարով՝ հանուն երաժշտության ու հանդիսատեսի: Նրանք նույնիսկ հրաժարվում էին խորհրդանշական հոնորարներից՝ ամեն կերպ նպաստելով նման փառատոնի կայացմանը»,-ասաց մեր զրուցակիցը:

Հանրահայտ հյուրերը մեծ կարծիք են հայտնել նաև հայաստանյան երաժիշտների, հատկապես պատանի կատարողների մասին և հաճույքով անցկացրել վարպետության դասեր: Նրանք տպավորված տաղանդաշատ պատանի երաժիշտների կատարումներից:

«Այս ամենն իրականում արվում է հաջորդ սերնդի համար: Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք՝ մեծ համերգներ լսելու, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան: Այս տարի մեր աջակիցները բավականին շատ են, բացի հայկական կազմակերպություններից, մեզ օժանդակել են նաև օտարերկրյա հայտնի բրենդները, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում կատարված աշխատանքի կարևորությունը: Բոլորիս երազանքն է փառատոնը դնել այնպիսի ուղու վրա, որ նույնիսկ այն տեղի ունենա առանց մեր մասնակցության, դառնա ավանդական: Մի բան հաստատ կարող եմ խոստանալ, որ հաջորդ տարվա փառատոնի օրերին կզարմանաք նույնքան, որքան այս ամռանը: Մեր բոլոր հյուրերն այնքան հուզված էին, որ չէին ցանկանում հեռանալ իրենց համար հարազատ դարձած Կապանից»,-ասաց Սևակ Ավանեսյանը:

«Արմենպրես»-ը զրուցեց նաև փառատոնի մասնակից, լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշի հետ: Երաժշտական քննադատների պնդմամբ՝ նա ոչ միայն վառ վիրտուոզ է, այլև՝ արտակարգ ոճական բազմազանությամբ երաժիշտ, եզակի վարպետ, ով սահմանափակումներից դուրս է: Դասական վիրտուոզ, ջազի իմպրովիզատոր, կոմպոզիտոր և գործիքավար Ռոբի Լակատոշը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և խոշորագույն փառատոններում: Նվագել է ամենամեծ ջազ երաժիշտների հետ, ինչպիսիք են Հենրի Հենկոկը, Քուինսի Ջոնսը, Ստեֆան Գրապելին: Ունի բազմաթիվ ձայնագրություններ բրենդային համարվող թողարկողների հետ: 2004 թվականին Լակատոշը հասավ մեծ ճանաչման՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալով «Ջութակի հանճարը» փառատոնում:

«Լակատոշը միախառնելով դասական երաժշտությունը հունգարական-գնչուական կենսախինդ մոգության հետ՝ ի ցույց է դնում հարազատ գնչու ժողովրդի մշակութային ժառանգության խոր արմատները և առաջարկում նոր ու թարմ բերկրանք ունկնդրին»-ասում են երաժշտագետները:

Նա նույնպես տպավորված էր Հայաստան կատարած այցով և հիացած էր տեղի երաժիշտների կատարումներով:

«Նախկինում մեկ անգամ այցելել եմ Հայաստան և հյուրընկալվել Երևանում, ընկերներիս մոտ, բայց Կապանում առաջին անգամ եմ և այստեղ մեր նվագախմբի հետ հանդես ենք գալու ծրագրված համերգով: Անչափ տպավորված եմ տեղի մադկանցով, ովքեր առատաձեռն են, հյուրընկալ և ունեն երաժշտական բարձր ճաշակ»,-ասաց աշխարհահռչակ մաեստրոն:

Լակատոշը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում բոլոր համերգներն իսկապես անակնկալ էին: Երաժշտական ստեղծագործությունները բեմում ենթարկվում էին նոր իմպրովիզացիաների: Նրա համար մեծ պատիվ էր համագործակցել հայ երաժիշտների հետ:

«Հատկապես հայ պատանի երաժիշտներն ուղղակի հրաշք են՝ օժտված մեծ տաղանդով: Ամեն անգամ, երբ այցելում ենք որևէ երկիր, խնդրում են նվագել տեղի երաժիշտների հետ: Բայց նույնիսկ այդ պարագայում հայ պատանիներն ուղղակի ապշեցրին իրենց կատարումներով»,-իր հիացմունքը հայտնեց լեգենդար Ռոբի Լակատոշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս