Անգլիայում պարտության մեղավորը որևէ նախկին վարչապետ կամ նախկին մարզիչ չէ, Սաութգեյթն էլ Նիկոլ չէ. հեռացավ…
Երեկ Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Երեքշաբթի օրը 53-ամյա մասնագետի հայտարարությունը հրապարակել է Անգլիայի ֆուտբոլի ազգային ասոցիացիան:
«Ինձ համար՝ որպես անգլիացու, ողջ կյանքում պատիվ է եղել խաղալ ազգային հավաքականում ու գլխավորել այն: Դա ինձ համար ամեն ինչ էր նշանակում, և ազգային հավաքականին ես տվել եմ իմ բոլոր ուժերը: Բայց եկել է փոփոխությունների ժամանակը, ու ժամանակն է թերթել այս էջը: Իսպանիայի դեմ Բեռլինում կայացած կիրակնօրյա եզրափակիչն Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իմ վերջին խաղն էր»,- ասել է 8 տարի հավաքականի ղեկին կանգնած մասնագետը:
Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը հանդես է եկել 4 խոշոր ֆուտբոլային մրցաշարերում, հասել մինչև աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչ ու քառորդ եզրափակիչ: Եվս երկու անգամ խաղացել է Եվրոպայի առաջնությունների եզրափակչում՝ 2 անգամ էլ տիտղոսը զիջելով՝ նախ Իտալիային, իսկ այս տարի՝ Իսպանիային:
Հրաժարականի դիմում ներկայացրեց մի մարզիչ, ում պայմանագիրը բոլորովին նոր էր թարմացվել, և այն երկարաձգվել էր՝ անկախ եզրափակիչ խաղի արդյունքից:
Բայց Գարեթ Սաութգեյթը Բեռլին էր գնացել Եվրոպայի չեմպիոնի գավաթի հետևից, ինքն Անգլիային գավաթ էր խոստացել, իսկ արծաթե մեդալը փաստորեն սփոփանք չէր Սաութգեյթի համար, ում թիմը դժվարին պայքարում էր հասել մինչև եզրափակիչ: Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը չարդարացավ, չասաց՝ «Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»:
Գարեթ Սաութգեյթը չասաց նաև, որ ժողովուրդն է իրեն ընտրել, հետևաբար՝ ինքը հրաժարական չի տալու, կամ, եթե ժողովուրդը պահանջի, ինքը հրաժարական կտա:
Գարեթ Սաուգեյթի համար եզրափակչում թիմի պարտության մեղավորը նախկին վարչապետներ Ջոն Մեյջորը, Մարգարեթ Թետչերը, Գեորգ 5-րդ միապետը կամ որևէ այլ նախկին չէր, հարևան պետությունները չէին, դաշնակիցները չէին, ՆԱՏՕ-ն չէր կամ ՄԱԿ-ը, ֆունտ սթեռլինգի կիրակնօրյա կուրսը չէր, երկրի Սահմանադրությունը չէր, հիմնը չէր կամ դրոշը, ի վերջո, նաև իրենից առաջ եղած մարզիչը չէր:
Գարեթ Սաութգեյթը համարեց, որ մեղավորն ինքն է, պարզապես ամաչեց անգլիացիների աչքերին նայել ու հրաժարականի դիմում ներկայացրեց: