Արագածավանի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը փակուղի է մտել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը, ըստ էության, փակուղի է մտել:
Բանն այն է, որ 2024 թվականին այս գործով 2 նիստ է կայացել, ու հիմնականում գործը կանգ առավ այն բանից հետո, երբ քաղաքական իշխանության ճնշման արդյունքում այն քննող դատավոր Անդրանիկ Մնացականյանին ազատեցին դատավորի պաշտոնից։ Բանն այն էր, որ դատավորները ներքին «չաթ» էին ունեցել, որտեղ նրանցից մի քանիսը քննադատել էին իշխանություններին, ու դատավոր Մնացականյանն էլ ընդամենը քննադատություններին «հավանելու սմայլիկ» էր դրել, ու նրան, քննադատած դատավորների հետ, ստիպեցին լքել դատական համակարգը։ 1 ամսվա ընթացքում այս առիթով 4 դատավոր լքեց համակարգը։
Հիշեցնենք, որ 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, բնակավայրի բնակիչ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00:15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա. Ս.-ն ճանաչվել էր տուժող, որից հետո նախաքննական մարմինը Թորոսյանին ազատ էր արձակել ու մեղադրանք առաջադրել։ Փաստ է, որ նա արցախցի անչափահասին իջեցրել էր ավտոմեքենայից, թողել էր ամայի փողոցում՝ այդպիսով վրեժ լուծելով, եւ այսօր շարունակում է մնալ իր պաշտոնին: Շուտով կլրանա մեկ տարին, ինչ գործը դատարանում է ու էական տեղաշարժ չկա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում