Միլլերը Կոբախիձեին կոչ է արել անպատասխանատու հայտարարություններ չանել

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա հարձակման վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գնահատականին։ Միլլերն ասել է` քանի դեռ փաստերը չեն հաստատվել, նախընտրելի է զերծ մնալ շահարկումներից ու անպատասխանատու հայտարարություններից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Foreign Press USA-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն Միլլերին ասել է, որ Կոբախիձեն Թրամփի վրա հարձակումը կապում է «գլոբալ պատերազմի կուսակցության» հետ։ Միլլերը պատասխանել է՝ պատկերացում չունի, թե դա ինչ է նշանակում:

«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում դա (գլոբալ պատերազմի կուսակցությունը — հեղ.): Այս հարձակման մասին խոսել են իրավապահ մարմինները։ Ասել են, թե ինչն է հայտնի, ինչը՝ ոչ… Երեկ, ելույթ ունենալով Օվալաձև աշխատասենյակում, նախագահը խնդրել է ամերիկացի ժողովրդին զերծ մնալ շահարկումներից և անպատասխանատու հայտարարություններ չանել, քանի դեռ փաստեր չկան։ Նույն կոչը կուղղեի նաև այլ երկրների»,- ասել է Միլլերը։

Ուշագրավ է, որ Կոբախիձեն սոցցանցում երկու հայտարարություն է նվիրել Թրամփի վրա հարձակմանը. մեկը` վրացերեն, մյուսը՝ անգլերեն։ Վրացալեզու հայտարարության մեջ նա հարձակումը կապել է «գլոբալ պատերազմի կուսակցության» հետ, իսկ անգլալեզու հայտարարության մեջ ընդհանրապես չի նշել դրա մասին:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ապատեղեկատվական նարատիվները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբում պարբերաբար կրկնվող «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» վերաբերյալ նոր երանգ են ստացել՝ դավադրության տեսությունների տեսքով. իշխանությունը պնդում է, որ գոյություն ունի «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որն ստիպում է այլ պետությունների ինչ-ինչ քայլեր անել: Իշխանական վերնախավում ոմանք նույնիսկ մասոնների հետ են համեմատում այս «կուսակցությունը»:

Հուլիսի 13-ի ԱՄՆ ժամանակով՝ կեսօրին, Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ մահափորձ է կատարվել ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Նախկին և ներկա նախագահներին պաշտպանող ԱՄՆ գաղտնի ծառայության տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է Թրամփի հանդիպման մեկ մասնակից, ևս երկուսը ծանր վիրավորվել են։

Նշվում է նաև, որ հարձակվողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, սպանվել է։ Ըստ առկա տեղեկությունների՝ Քրուքսը կրակել է Թրամփի վրա մոտակա շենքի տանիքից։ ԱՄՆ-ի հետախուզական բյուրոյի (FBI) տվյալներով՝ շենքը գտնվում էր անվտանգության տարածքից դուրս, սակայն Գաղտնի ծառայության գործակալները կարողացել են վնասազերծել հարձակվողին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031