Բաժիններ՝

Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի արտադրությամբ

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության և «Սինոփսիս Արմենիա» ընկերության համատեղ ջանքերով Հայաստանում կստեղծվի «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն», որտեղ կզբաղվեն նաև չիպերի (կիսահաղորդիչներ) արտադրությամբ։ Երվանդ Զորյանի կարծիքով՝ կենտրոնի ստեղծումը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

«Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնական, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամ և Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանն «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում խոսել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ ունեցած հանդիպման, դրա արդյունքների, «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծման և Հայաստանում կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման թեմաներով։

«Այս կենտրոնի ստեղծումը մի նոր գաղափար էր, որը վերջերս ծնվեց։ Դա տեխնոլոգիական բնագավառում հետազոտություններ անելու համար է։ Մենք արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում ենք նորարարություններով, սակայն դա մեր ընկերության սահմանների մեջ գոյություն ունեցող նորարարություն է, որը շատ կարևոր է մեր ունեցած պրոդուկտների համար, մեր հաճախորդների համար և այլն», – նշեց Զորյանը՝ հավելելով, որ նոր հետազոտությունների անհրաժեշտություն ևս կա, ինչը կարող է նոր կողմերի ներգրավվածության հանգեցնել։

Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի հետ ունեցած հանդիպումը, ինչպես Գործակալության կողմից ծրագրի մեջ ներդրված գումարը հնարավորություն կտա, որպեսզի «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը և ՄԶԳ-ն, որը ևս հանդիսանում է վերազգային կազմակերպություն, փոխգործակցություն ծավալեն երրորդ կողմերի հետ՝ նոր տեխնոլոգիաներ ստեղծելու և զարգացնելու համար։

Անդրադառնալով Հայաստանում կիսահաղորդչային լաբորատորիայի գոյությանը և նրան, թե ի՞նչ է իրենից ներկայացնում կիսահաղորդչային արդյունաբերությունը՝ Երվանդ Զորյանը մանրամասնեց, որ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» պետք է ունենա 5 լաբորատորիա, որոնցից մեկը կիսահաղորդչայինն է, իսկ մյուսները՝ կիբեռանվտանգության, ռոբոտաշինության և այլն։

«Կիսահաղորդիչները դրանք մեր իմացած չիպերն են։ Հետազոտության կենտրոնը հենց այդ չիպերի արտաքին տեսքի, դիզայնի և դրանց արտադրության կոնցեպտները պատրաստելու տեղն է։ Գիտեք, որ չիպերն այսօր շատ կարևոր են։ Դրանք մեր կողմից օգտագործվող բոլոր գործիքների ողնաշարն են հանդիսանում՝ բջջային հեռախոսներ, մեքենաներ, ինքնաթիռներ և այլն։ Եթե մենք կարողանանք այդ չիպերի ոլորտում նորարարություն բերել, ապա շատ արժեքավոր արդյունքներ կարող ենք ունենալ», – ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահն՝ ընդգծելով, որ կիսահաղորդիչների ստեղծման այդպիսի լաբորատորիաներ ունենալը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի զարգացման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս