Բոլոր նախադրյալները կան պայքարի նոր փուլի համար. վստահ եմ՝ դրանով զբաղվող մարդիկ շատ լավ հասկանում են ինստիտուցիոնալիզմի և ֆորմալիզմի միջև եղած սկզբունքային տարբերությունը. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Կարեն Սերոբյանը նրան հարցրել է.
«Սրբազան պայքարի և Սրբազանի հանդիպումները խոսո՞ւմ են այն մասին, որ շարժումը չի մարել»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Շարժման մարել-չմարելու մասին քննարկումներն արհեստական են և ներմուծված են նիկոլական քարոզչամեքենայի կողմից։ Կարիք չկա ո՛չ նեղվել, ո՛չ լարվել այդ թեմայից։
Եկեք երկու ազնիվ արձանագրում անենք․
ա) Շարժումն այս փուլում չհասավ իր նպատակին նաև սեփական թերացումների պատճառով,
բ) ամառային ամիսներին զանգվածային ակցիաներ կազմակերպելն արդյունավետ չէ, ու այդ դադարը բնական է։
Ի՞նչ է իրականում շարժումը։
Գաղափարախոսություն, մարդիկ, առաջնորդ՝ այս երեք հիմնական բաղադրիչներից է այն կազմված։ Ի՞նչ ունենք այսօր։ Գաղափարախոսությունը մնում է կենսունակ և մրցունակ։ Դժգոհությունը Փաշինյանից չի վերացել, այն միայն ավելանում է և ստիպում է մարդկանց պատեհ պահին և ձևերով այն արտահայտել։ Ինչ վերաբերում է առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին, ապա, ի հեճուկս նիկոլական ջանքերի, նա չվարկաբեկվեց, չփչացավ, ոչ մի կեղտ, որ տարածում էր իշխանությունը, նրան չկպավ։
Այսինքն՝ ճիշտ և համակարգված աշխատանքների դեպքում, որ պետք է ներառի նաև նախորդ փուլից արած հետևանքները, բոլոր նախադրյալները կան պայքարի նոր փուլի համար։ Վստահ եմ, դրանով զբաղվող մարդիկ շատ լավ հասկանում են ինստիտուցիոնալիզմի և ֆորմալիզմի միջև եղած սկզբունքային տարբերությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում: