Նիկոլենց հարձակումները եկեղեցու վրա հասկանալի են․ նրանց «թազա Հայաստանում» ազգային և բարոյական արժեքներ դավանող այդ կառույցը տեղ չպետք է ունենա. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Տաթև Մամրեյանը նրան հարցրել է.
«Նիկոլական թևն անընդհատ համոզում է մարդկանց, որ եկեղեցին իրավունք չունի խառնվել պետության գործերին։ Ի՞նչ եք կարծում այս մասին»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Նիկոլական քարոզիչների նման պնդումները ոչ միայն անհիմն են, այլև անգրագետ։ Թվարկեմ ընդամենը մի քանի փաստով։
- Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև հարաբերությունները հստակ կարգավորված են թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ համապատասխան օրենքով։ Եկեղեցին երբեք չի խախտել դրանք, ի տարբերություն նիկոլական իշխանության։
- Եկեղեցին պետության նման հիմնադրվել է հայ ժողովրդի կողմից։ Փաստացի նրա մանդատը նույնքան առաջնային է, որքան պետությանը, պարզապես շատ ավելի հին։
- Նիկոլենք դիտավորյալ նույնականացնում են իրենց «կառավարությունը» պետության հետ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից և քննադատությունից, ինչի իրավունքն ունեն ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ կրոնական։ Եկեղեցին ոչ թե «խառնվում է» պետության գործերին, այլ քննադատում է կառավարությանը, ինչը լիովին օրինական է։
- Եկեղեցականներն ունեն միևնույն իրավունքները և ազատությունները, ինչ ՀՀ ցանկացած քաղաքացի։ Ավելին, նորմալ ժողովրդավարական երկրներում կրոնական կառույցները քաղաքացիական հասարակության կարևորագույն էլեմենտներից են և ազատ են իշխանությունների նկատմամբ իրենց կարծիքների մեջ։
Իսկ Նիկոլենց հարձակումները եկեղեցու վրա հասկանալի են․ Նրանց «թազա Հայաստանում» ազգային և բարոյական արժեքներ դավանող այդ կառույցը տեղ չպետք է ունենա»:
Մանրամասները՝ տեսանյութում: